Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուներն այժմ փորձում են շահել Միչիգըն նահանգի ընտրողների ձայները երեքշաբթի օրվա նախնական ընտրություններում։ Ենթադրվում է, որ Միչիգընի արդյունքները խիստ կարեւոր են հանրապետական կուսակցության թեկնածուների համար։
Սենատոր Ջոն Մքեյնը, Նյու Հեմփշիր նահանգում ունեցած հաղթանակից հետո ջանում է հաղթել նաեւ Միչիգընում։ Վերլուծաբանների համաձայն, Միչիգընում նախնական որեւէ հաղթանակ Մքեյնին կդարձնի հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու ։
Վիետնամի պատերազմի նախկին ռազմագերի՝ Ջոն Մքեյնը դիմակայում է սուր ներկուսակցական մրցակցություն։ Արքանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին, ինչպես հայտնի է հաղթել էր Այովայի նախնական ընտրություններում։ Թեկնածուները Միչիգանի նախնական ընտրություններում իրենց ուշադրությունը սեւեռել են արդյունաբերության բնագավառում հազարավոր աշխատատեղերի կորստյան հարցի վրա։
՛՛Ես ձեզ կօգնեմ նոր աշխատատեղեր եւ կրթական նոր ծրագրեր ստեղծելու գործում։ Ես միշտ ուղիներ կորոնեմ Միչիգանի բնակիչների կյանքը արդյունավետ եւ Միչիգանի ապագան՝ լուսավոր դարձնելու համար՝՝, ասել է Սենատոր Ջոն Մքեյնը։
Մքեյնը ապավինում է չափավոր պահպանողական եւ անկախ ընտրողների աջակցությանը։ Մկրտչական եկեղեցու երբեմնի առաջնորդ Մայք Հաքըբին ասում է, թե ինքը Միչիգընում կհաղթի հրապուրելով միջին խավի աշխատավորներին, ավետարանչական քրիստոնաներին եւ արհեստական վիժեցումներին ընդդիմացող պահպանողական ընտրողներին։
՛՛Ամբողջ սրտով հավատում եմ, որ Միացյալ Նահանգներում ամենահիմնական հարցերից մեկը մարդկային կյանքի սրբության հարցն է՝՝, ասել է նախագահական թեկնածու Մայք Հաքըբին։
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հայտարարել է, որ իր առաջին հաղթանակը կարձանագրի Միչիգանում ։ Նա եւս խոստացել է վերակառուցել այդ նահանգի տկարացած տնտեսությունը։
՛՛Ես այս նահանգի հանդեպ տածած իմ սերը եւ անցյալի փորձառությունս կօգտագործեմ, տնտեսական դժվարություններին վերջ դնելու եւ Միչիգանի համար լուսավոր եւ բարգավաճ ապագա կառուցելու նպատակով՝՝, ասել է նախագահական թեկնածու Միթ Ռոմնին։
Վաշինգտոնի Բրուքինգս հաստատության վերլուծաբան Թոմաս Մաննի կարծիքով, դեռեւս հստակ չէ, թե հանրապետական կուսակցական ընտրապայքարում ո՞վ կհաղթանակի.
՛՛Չնայած սենատոր Մքեյնը հանրապետական ընտրապայարում առավելություն է վայլում, այդ առավելությունը այդքան էլ մեծ չէ։ Ինձ թվում է, որ հանրապետական թեկնածուի համար մղվող ընտրապայրը դեռ երկար կտեւի՝՝։
Մքեյնի, Ռոմնիի եւ Հաքըբիի ընտրապայքարին հետեւող վերլուծաբանների կարծիքով Միչիգանում հաղթող հանրապետական թեկնածուն նշանակալի առավելություն ձեռք կբերի, նախքան Հարավային Կարոլինայի նախնական ընտրությունների կայացումը՝ մոտ մեկ շաբաթից։