Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ընդունում է Վրաստանի նախագահական ընտրություններին Եւրոպական Միության տված գնահատականը


Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Սահակաշվիլին որքան էլ հպարտ եւ բավարարված զգա ընտրություններից հետո, այդ հպարտությունը պահպանելու համար կանգնած է շատ մեծ խնդիրներ լուծելու խնդրի առջեւ: Նախ պիտի կարողանա վերականգնել խզված կապը հասարակության հետ:

Ինչպես ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Մեթյու Բրայզան «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց. «Ընտրությունները Վրաստանում բավականին լավն էին եւ ԱՄՆը ընդունում է Եւրոպական Միության գնահատականը, ըստ որի այն առաջին արդար մրցակցության նախագահական ընտրությունն էր Վրաստանում:

Սակայն Սահակաշվիլին ունի մի մեծ խնդիր: Նա պետք է փորձի գտնել հասարակության՝ մտավորականության, ավելի հասարակ մարդկանց, աղքատների, հարուստների ու գործարար աշխարհի հետ կապը վերականգնելու միջոցներ»

Իսկ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ղեկավարներից միլիարդատեր Պատարկացիշվիլիի դեմ մեղադրանքներ հարուցելու, Ստանդարտբանկում բանկային նրա հաշիվը սառեցնելու մասին երկրի գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը ոմանց կողմից նկատվում է որպես քաղաքական վրեժխնդրության արտահայտչաձեւ:

Բավարարելու համար ընտրողների մի մեծ մասի պահանջները, Սահակաշվիլին հայտարարել էր, որ պիտի փորձի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռաուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը գտնում է, որ դա միայն խոսքով չի լինում, այլ ապացուցվում է գործով: «Առաջարկը լավն է: Մենք կսպասենք նրանց կողմից քայլերի», ասել է Գրիզլովը:

Վերադառնալով ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Մեթյու Բրայզայի հետ հարցազրույցին՝ ասենք, որ նա կարեւորում է ընդդիմությանը խրախուսելու հանգամանքը.

՛՛Հարկավոր է, որ Սահակաշվիլին ամրապնդի խորհրդարանը եւ խրախուսի ընդդիմությանը զարգանալու, որպեսզի այն դառնա քաղաքական ցայտուն ուժ, քանի որ դա է ամենակարեւորը ժողովրդավարական զարգացման համար՛՛:

Ինչ վերաբերում է Հայաստանում նախագահական եկող ընտրություններին, Մեթյու Բրայզան ցանկացավ նշել, որ զարգացած երկրներում 51 կամ 52 տոկոսով հաղթելու հանգամանքը համարվում է օրինական հաղթանակ, իսկ ահա նոր զարգացող, այդ թվում անդրկովկասյան երկրներում մարդիկ ընտրությունների արդյունքին ավելի վստահում են, եթե թեկնածուն հավաքում է ձայների 65, 70 կամ 80 տոկոսը: Հարկավոր է ընդունել, որ հաղթանակ է նշանակում նաեւ 50 տոկոս գումարած մեկ ձայնի դեպքում:

«Հուսով եմ», ասաց նա, «որ ընտրությունները Հայաստանում եւս կանցնեն ընդունելի մակարդակով»:

XS
SM
MD
LG