Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի  նախնական ընտրությունները Այովա նահանգում


Միացյալ Նահանգներում առաջիկա ամիսներին կկայանան նախնական ընտրություններ եւ յուրաքանչյուր նահանգ հնարավորություն կունենա քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին։ 2ՕՕ8 թվականի նախագահական նախնական ընտրությունները սկսվել են հունվարի երեքին, Այովա նահանգից։

Այովայի հավաքից առաջ անցկացված հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ երկու կուսակցությունների առաջատար թեկնածուներն էլ ընտրարշավին մասնակցում են եռանդուն կերպով:

Հանրապետական դաշտում առաջնային գծերում է գտնվում Արկանզասի նահանգապետ Մայք Հաքըբին, իսկ դեմոկրատական դաշտում՝ Նյու Յորքի սենատոր Հիլարի Քլինթընը։

Այովան գյուղատնտեսական մեծ նահանգ է, որի բնակիչները լրջորեն են մոտենում քաղաքական հարցերին: Նրանցից շատերն են ջանացել անձամբ հանդիպել նախագահական թեկնածուներին, նախքան որոշում կայացնելը։

Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Այովայի Փելլա փոքրիկ քաղաքի բնակիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում շեշտել է քաղաքական իր ուղեգծում ռազմական հզոր ուժերի, տնտեսության եւ ընտանիքի կարեւորությունը՝ առաջիկա տասնամյակում խոստանալով նոր փոփոխություններ եւ առաջընթաց:

Միթ Ռոմնին, ով սոցիալական հարցերում պահպանողական դիրքորոշում ունի, Այովայում վայելում է քրիստոնյա ընտրողների համակրանքը։ Սակայն, երբ նրա մրցակից Մայք Հաքըբիի ժողովրդականությունը սկսեց աճել, Ռոմնին պատասխանեց Հաքըբիին քննադատող հեռուստատեսային գովազդներով՝ պահպանողական ընտրողների վրա թողնելով նկատելի ազդեցություն:

Ինչ վերաբերում է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընին, ապա նա Այովայում կենտրոնանում է քաղաքական իր փորձառության կարեւորության վրա։

Ջոն Էդվարդզը աչքի է ընկնում ընտրարշավային հետեւողական թափով։ Նա հավատացած է, որ ընտրողներն ի վերջո իրենց ձայնը կբարձրացնեն եւ կհայտարարեն, որ իրենց համբերության բաժակը լցվել է՝՝։

Ջերեմի Գրագերթը, որն աշխատում է Այովայի համալսարաններից մեկում, ասում է, թե սկսում է համակրել Ջոն Էդվարդզին, «որովհետեւ նա խոսում է աղքատների վիճակի եւ մեծահարուստների ագահության մասին։ Կարծում եմ, որ մեծ ընկերությունները այս երկրում աղքատության աճի գլխավոր պատճառն են, քանի որ իրենց աշխատավորներին չեն տրամադրում բժշկական ապահովագրություն եւ հենվում են հիմնականում օտարերկրյա աշխատուժի վրա»։

Համերկրային հարցախույզի արդյունքների համաձայն, դեմոկրատ թեկնածուներից Բարաք Օբաման եւ Ջոն Էդվարդզը հետ են մնում Հիլարի Քլինթընից, իսկ հանրապետական թեկնածուներից առաջնային գծերում է Նյու Յորքի երբեմնի քաղաքապետ Ռուդի Ջուլիանին։ Սակայն այդ ամենը կարող է փոխվել Այովայի նախնական ընտրություններից հետո, որի վերջնական արդյունքները կպարզվեն շուտով։

XS
SM
MD
LG