Մատչելի հղումներ

Աշխարհը դատապարտում է Բենազիր Բհուտտոյի սպանությունը


Պակիստանի ընդդիմադիր ղեկավար եւ նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությունը զայրույթի ալիք է բարձրացրել եւ դարձել այս երկրի ապագայի նկատմամբ մտահոգության առարկա: Իսկ սպանության հետեւանքով առաջ եկած տրամադրություններն իրենց արտացոլումն են գտել եւրոպական կարեւոր թերթերում:

«Բհուտտոյի սպանությունը երկյուղ է պատճառում»: Այս վերնագիրն են կրում «Բրիտիշ Դեյլի» եւ «Թայմզ» թերթերի հոդվածները։ «Ինդեփենդենթ» թերթը հարց է տալիս. «Ի՞նչ է սպասվում այժմ Պակիստանին»։ Ֆրանսիական թերթերից «Լը Մոնդ»-ի բնութագրմամբ, «վտանգը դեռեւս առջեւում է», իսկ Բելգիայի «Լը Սուար» թերթը գրում է. «Պակիստանի ժողովրդավարությունն արյան մեջ է եւ կարող է շուտով վախճանվել»։ Թուրքիայի թերթերը կանխագուշակում են Պակիստանում երկարաժամկետ անկայունություն, իսկ «Միլիյեթ» օրաթերթը՝ սպանությունը բնութագրում որպես «ուժգին հարված Պակիստանի ապագային»։

Բհուտտոյի սպանությունից մի քանի ժամ անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը դատապարտեց այն եւ դրվատեց Բհուտտոյի արիությունը՝ ավելացնելով. «Ժողովրդավարության համար այսօր տխուր օր է, Պակիստանի համար՝ ողբերգական»։

Խուսափելով Բհուտտոյի սպանության բացասական հետեւանքներից՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հանդես եկավ դեպի Պակիստան ճանապարհորդությունները հնարավորության սահմաններում հետաձգելու կոչով:

Լոնդոնի Չաթամ Հաուզ վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Ֆարզանա Շաիխն ասաց, որ Պակիստանը մուտք է գործում աննախընթաց ժամանակներ: Նրա խոսքերով, Պակիստանը, 1947 թվականին պետականության հաստատումից ի վեր, այսօր գուցե կանգնած է քաղաքական ամենամեծ ճգնաժամի առջեւ։ «Առաջիկա մի քանի շաբաթների եւ ամիսների իրադարձությունները մեծապես կախված են լինելու նախագահ Փերվեզ Մուշարաֆի որոշումներից», ասաց նա:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը դատապարտեց Բենազիր Բհուտտոյի սպանությունը: Բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հայտարարեցին, որ Պակիստանի ընտրությունները, ըստ ծրագրվածի, պետք է անցկացվեն հունվարի 8-ին։ Արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսը Բհուտտոյի կուսակցության իրավահաջորդին հորդորեց աջակցել ընտրական գործընթացը։

Բհուտտոյի սպանությունն իրականացվեց խորհրդարանական նախընտրական արշավի ժամանակ։ Նա հուսով էր, որ կվերստանձներ վարչապետի պաշտոնը՝ իշանությունը կիսելով նախագահ Փերվեզ Մուշարաֆի հետ։ Բենազիր Բհուտտոյի հայրը Պակիստանի վարչապետի պաշտոնն էր ստանձնել 1973 թվականին։ Սակայն պաշտոնանկ էր արվել 1977 թվականի զինվորական հեղաշրջման ժամանակ եւ երկու տարի անց՝ ենթարկվել մահապատժի։

Վերլուծաբան Շաիխի համաձայն, Բենազիր Բհուտտոն Պակիստանի ժողովրդին ներշնչել է ազգային պատկանելիության եւ ինքնորոշման ուժեղ զգացում, ինչը խիստ կարեւոր է մի երկրում, ուր քաղաքական որոշումները հիմնականում կայացնում են ժողովրդավարության նկատմամբ իրենց արհամարանքը երբեք չթաքցնող վերնախավի սակավաթիվ ներկայացուցիչները»:

XS
SM
MD
LG