Մատչելի հղումներ

Ի՞նչ հարցեր են հուզում Ամերիկայի հայ համայնքին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում


Հատկապես վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները, ովքեր հիմնականում կենտրոնացել էին Իրաքի պատերազմի ու այնտեղ տեղակայված ամերիկյան ուժերի խնդրի վրա, սկսեցին քննարկել նաեւ տնտեսական հարցեր:

Տնտեսական աստիճանաբար խորացող դժվարություներին զուգընթաց աճում է այն ամերիկացինեի թիվը, ում համար այսօր ավելի կարեւոր են տնտեսական հարցերը, քան Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումը: Իսկ Ամերիկայի հայ համայնքին բնականաբար հուզում են հայության հետ կապված խնդիրներ:

Ի՞նչ դիքորոշում ունեն թեկնածուները: Այս հարցի պատասխանն է փորձում ստանալ Հայ ամերիկյան քաղաքական գործունեության հանձնախումբը, որը հիմնականում կենտրոնանում է շահախմբական աշխատանքների եւ ընդհանրապես Ամերիկայում անցկացվող յուրաքանչյուր ընտրության վրա: Ինչպես մեզ հետ հարցազրույցում կազմակերպության գործադիր տնօրեն Ջեյսըն Քափիզին ասաց, իրենց նպատակը նաեւ այս կամ այն թեկնածուի ընտրարշավին ֆինանսապես աջակցելն է:

Կազմակերպությունը մի հարցաթերթիկ է ուղարկել նախագահական բոլոր թեկնածուներին, ովքեր, ցանկության դեպքում, կտան շատ հակիրճ պատասխաններ: Ջեյսըն Քափրիզիի խոսքերով, հարցերը վերաբերում են հայերին ամենաշատը հուզող խնդիրներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, Հայաստանի հետ առեւտրական կապերի խորացում, ղարաբաղյան հիմնահարցի լուծում, «թշնամական հարեւանների» շրջափակման պատճառով, այդ երկրների վրա ԱՄՆ-ի քաղաքական ճնշումների բանեցում:

Երեք էջ զբաղեցնող հարցերը զետեղված են Հայ ամերիկյան քաղաքական գործունեության հանձնախմբի ինտերնետային էջում՝ www.armenpac.org: Թեկնածուների որեւէ պատասխան կգրանցվի այդ էջում եւ ինտերնետային կապ ունեցող որեւէ անձ այս նույն էջում կարող է կարդալ ե՛ւ հարցերը, ե՛ւ պատասխանները: Հարցերին պատասխանելու ժամանակը լրանում է 2008 թվականի հունվարի վեցին:

Քաղաքական մեկնաբան Ֆիլիպ Թերզյանը նույնպես գտնում է, որ թեկնածուներին նման հարցեր տալու ժամանակն է: Նրա խոսքերով, նախ հարկավոր է իմանալ, թե ինչ պատկերացում ունեն թեկնածուները պատմական եղելության մասին: Նաեւ հարկավոր է շեշտել, որ որքան էլ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը, ԱՄՆ-ի հետ այս երկրի հարաբերությունները շատ երկդիմի են: «Ու չնայած այն համարվում է դաշնակից, Թուրքիային ԱՄՆ-ը չի կարող վստահել լիովին», ասում է նա:

Նախագահական թեկնածուներին հարցեր հղած Հայ ամերիկյան քաղաքական գործունեության հանձնախումբը հայ համայնքին կոչ չի անի քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, սակայն կոչ կանի շարժվել, տրված հարցերի պատասխանները գնահատելով: Թեկնածուներից դեռեւս որեւէ մեկը չի պատասխանել հարցերին: Իսկ եթե որեւէ պատասխան չստացվի մինչեւ հունվարի վեցը, այդ փաստը կընդունվի որպես պատասխանի մի ձեւ:

XS
SM
MD
LG