Մատչելի հղումներ

Բանակցություններ Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ


Առանց որեւէ արդյունքի ավարտվեցին Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները, որոնց գործընթացը սկսվել էր չորս ամիս առաջ ՄԱԿ-ի դեսպանորդ Մարթի Ահթիսաարի առաջարկած անկախության ծրագիրը մերժելուց հետո: Մի երկրամաս, որը Սերբիայի դեմ դաշնակից ուժերի կողմից 1999 թվականին սկսված օդային հարձակումներից հետո, չնայած համարվելով Սերբիայի տարածք, դրվել էր ՄԱԿ-ի կառավարման ներքո:

Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին նախապես, որ եթե չկայացվի համաձայնություն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չստորագրի Կոսովոյի անկախ պետականության մասին փաստաթուղթ, իրենք 2008-ի սկզբին տարածքը կհայտարարեն անկախ հանրապետություն Սերբիայից: Իսկ Սերբիան Կոսովոյի ալբանացի մեծամասնությանը անկախության փոխարեն առաջարկում է լայն ինքնավարություն իր կազմում:

Անկախություն հռչակելու դեպքում արյունոտ հակամարտության հնարավորության մասին Սերբիայի սպառնալիքներին Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեջդիուն ասել է, թե իր երկրամասը չի կարող դառնալ պատանդ նրանց ձեռքում, ովքեր մերժում են անկախ ապրելու իրենց պահանջները: Սերբիայի դաշնակից Ռուսաստանը պնդում է, որ Կոսովոյի ապագայի մասին վերջնական խոսքը պատկանում է Անվտանգության խորհդին, ու հայտարարում, որ հակառակ դեպքում Բալկաններում նորից կսկսվեն ընդհարումներ՝ դառնալով նոր նախադրյալ մյուս հակամարտությունների համար: Ճիշտ է, երկու կողմերը, սպառնալիքներից զատ, հայտարարել են նաեւ, որ ցանկանում են խուս

ափել բռնություններից, սակայն արդեն իսկ լսվում են այստեղ վտանգված խաղաղության մասին մտահոգություններ: Օրինակ, ինչպես ՄԱԿ-ի բանագնաց Ֆրանկ Վիսներն է ասել, «Գնում ենք դեպի շատ դժվար ժամանակներ»: Ու չնայած վերլուծաբաններից շատերն են ասում, որ Կոսովոյի խնդիրը տարբեր է մյուս հակամարտություններից նրանով, որ այնտեղ հաստատված է ՄԱԿ-ի վերահսկողություն, պետք է ընդունել, որ այն նաեւ շատ նման է մյուս հակամարտություններին, որտեղ մի կողմը ձգտում է անկախության, մյուս կողմը՝ խոստանում լայն ինքնավարություն ու անկախությունը կախյալ պահում իր կամեցողությունից:

XS
SM
MD
LG