Ռուսաստանում հակապուտինյան վերջին մի քանի ցույցերը բռնությամբ ցրելու փաստը դարձավ պատճառ, որ վերստին սկսվեն Ռուսաստանի ու մի շարք երկրների, հատկապես ԱՄՆ-ի միջեւ միմյանց դատապարտող խոսքերը: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը միացավ Եւրոպական Միության երկրներին, հայտարարելու, որ ինքը խորապես անհանգստացած է մարդու իրավունքների պաշտպան խմբերի անդամների ու քաղաքական գործիչների ձերբակալությունների փաստով:
Նրա այս խոսքերը հաջորդեցին «Ռուսաստանի ներքին գործերի մեջ օտար երկրների մռութները մտցնելու» մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին: Վերջինս գտնում է, որ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հրաժարվել է հետեւել Ռուսաստանում կիրակի օրն անցկացվելիք ընտրությունները, ենթարկվելով ԱՄՆ-ի ճնշումներին, ինչի նպատակը ընտրությունների վրա ստվեր գցելն է:
Ունի՞ արդյոք Պուտինն արտասահմանյան երկրներին մեղադրելու իրական հիմքեր: Բրուքինգզի հաստատության արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների ծրագրի վերլուծաբան Իգոր Դանչենկոյի խոսքերով, Պուտինի այս վերաբերմունքը եւ ընդունելի է, եւ՝ ոչ: Նա ասում է, թե ընտրությունների մասին Պուտինի խոսքերն արդարացված չեն, «սակայն հասկանալի է նաեւ ԵԱՀԿ-ի նկատմամբ Պուտինի ու նրա աջակիցների դժգոհությունը»: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ ցույցի ելածները արմատական վտանգավոր տարրեր են, որոնց նպատակը Ռուսաստանն ապակայունացնելն է:
Վերլուծաբանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավանդաբար պաշտպանել է տարբեր երկրների ընդդիմադիր ուժերի, լինեն ժողովրդավարական, թե՝ ոչ, եթե այդ ուժերը մասնակցում են ընտրական գործընթացներին: «Եւ այս առումով, հասկանալի են ԱՄՆի դիրքորշումը եւ Ռուստանի ընդդիմադիրներին բանտարկելու շուրջ Վաշինգտոնի մեղադրանքները»: Իգոր Դանչենկոն համամիտ է այն մտքին, որ շատերի կարծիքով, Գարի Կասպարովը, որպես ընդդիմադիր ուժերի ղեկավար, խաղում է օտար երկրների շեփորի ներքո, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ Կասպարովը կարող էր դառնալ քաղաքական մեծ ուժ, եթե նրան չխանգարեին այդ ճանապարհի վրա իրեն ավելի մեկուսացնելու նրա գործողությունները:
Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյոք մարտի երկուսին նշանակված նախագահական ընտրություններից հետո Պուտինը կհեռանա, թե ինչ որ կերպ կմնա նախագահի աթոռին: Ի դեպ Ռուսաստանում շատերը կգերադասեին, որ լինեին նրան այդ պաշտոնում պահելու իրավական ու բարոյական հիմքեր: Չէ որ նրա իշխանության օրոք միջազգային ասպարեզում ռուսները սկսեցին թոթափել անցած տարիներին անտեսված լինելու վիրավորական կացությունը:
«Որքան էլ կարեւոր է Պուտինի դերը Ռուստանի կյանքում, բոլոր երկրների նման, այստեղ էլ կարեւոր դեր ունի նաեւ փոփոխությունը: Բայց Պուտինը, ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր ղեկավար, ուզում է վստահ լինել, որ իրենից հետո Ռուստանը կշարունակի քաղաքական ու տնտեսական իր բռնած ուղին», ասում է Իգոր Դանչենկոն: Պուտինը ցանկանում է նաեւ, որ Ռուսաստանը շարունակի բարձրացնել իր հեղինակությունն ու դիրքը միջազգային բեմահարթակում, լինի Մերձավոր Արեւելք, հարկահրթիռային պաշտպանական համակարգ, թե տարբեր հակամարտություններ լուծելու գոծում գործուն դեր:
«Այդ պատճառով է նա առաջ մղելու այն գործչին, որին կհամարի իր գործը շարունակելու համար ամենալավ թեկնածուն»: Սակայն, չնայած Պուտինը, վերլուծաբանի կարծիքով, չի ստանձնի իշխանության մեջ որեւէ պաշտոն, այնուամենայնիվ իր տեղը կունենա քաղաքական բեմահարթակում: