Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը ԱՄՆ-ում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը չորեքշաբթի օրը մասնակցել է Բոստոնի Ս. Սարգիս եկեղեցում անցկացված արարողությանը, եղել Ազգային ժառանգություն թանգարանում, հանդիպել հայ ուսանողների ու բարեգործների:

Հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջո Նոլենբերգի հետ, քննարկել ղարաբաղաամերիկյան փոխհարաբերությունների կարեւորությունը: Մինչ այդ, Ղարաբաղի նախագահը հանդիպել էր Մասաչուսեցի նահանգային սենատի անդամների:

Հինգշաբթի օրը պատվիրակությունը մեկնեց Նյու Յորք, որտեղ հադիպում անցկացվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հոգաբարձուների գործադիր մարմնի անդամների հետ: Նյու Յորքից պատվիրակությունը կմեկնի Լոս Անջելես, նախապատրաստվելու նոյեմբերի ՁՁ-ին անցկացվելիք հեռուստամարաթոնին:

Ինչպես Բրյուսելում գործող Ճգնաժամերի միջազգային խումբ կազմակերպության «Լեռնային Ղարաբաղ. Պատերազմի վտանգի առջեւ» վերտառությամբ զեկույցում է ասված, չի բացառվում, որ եկող տարիներին վերսկսվեն Ղարաբաղի հարցով պատերազմական գործողությունները: «Այժմ, շարունակելով նավթի վաճառքի հաշվին ռազմական կարողությունների հզորացումը, Ադրբեջանը կարծես թե ցանկանում է հետաձգել խաղաղության որեւէ գործարք, քանի դեռ հավասարակշռությունը լիովին չի խախտվել դեպի իր կողմը», ասված է զեկույցում: «Իսկ Հայաստանը, որը զարմանալիորեն ցույց է տվել տնտեսական լավ ցուցանիշ, նույնպես զբաղված է զինված ուժերի հզորացմամբ»:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե իր երկիրն ընդունում է այս կազմակերպության փաստարկներն ու գնահատականները եւ գտնում, թե ժամանակն է, որ երկու կողմերը հրաժարվեն սպառազինումից եւ միջազգային համայնքի օգնությամբ վերսկեն խաղաղ կարգավորման բանակցությունները: Սակայն միեւնույն ժամանակ նա ասել է, թե Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքները մշտապես մնան բռնագրավված:

Միջազգային ճգնաժամերի խումբ կազմակպերութան Բրյուսելի գրասենյակում եւրոպական հարցերով բաժնի տնօրեն Սաբին Ֆրայզերը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասաց, թե երկկողմ սպառազինման նման գործընթացի դեպքում եկող մի քանի տարիների ընթացքում պատերազմը կվերսկսվի: «Այն կանխելու համար հարկավոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շարունակեն բանակցությունների գործընթացը՝ անկախ ընտրություններից:Իսկ եթե տեղի ունենա իշխանափոխություն, նոր նախագահները պետք է սկսեն սկզբից ու նախ կարողանան ապահովել փոխզիջումների գնալու իրենց ժողովուրդների կամքը», ասաց նա:

Այն հարցին, թե ինչու Կոսովոյի մասին իր վերջին զեկույցում այս կազմակերպությունը գտնում է, որ Կոսովոյի ժողովուրդն է վճռելու իր ապագա կարգավիճակը, իսկ Ղարաբաղի դեպքում նման կարծիք չի հայտնում, վերլուծաբան Ֆրայզերը պատասխանեց, որ Կոսովոն չի զբաղեցնում այլ երկրի տարածք: Այն հարցին, որ Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի կազմում, այնպես ինչպես Կոսովոն՝ Սերբիայի, նա պատասխանեց, որ խնդիրը ոչ թե Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվող տարածքների մասին է, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին երկու երկրների նախագահների միջեւ բանակցությունների արդյունքում:

XS
SM
MD
LG