Մատչելի հղումներ

Ունկնդրություններ Կոնգրեսում Իրանի վերաբերյալ


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ կառավարական բարեփոխումների հանձնաժողովի ԱՆվտանգության եւ արտաքին հարբերությունների ենթահանձնաժողովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած ու վարվող քաղաքականության շուրջ սկսվել է ունկնդրումների շարք, որոնց մասնակցում են վերլուծական տարբեր հաստատությունների փորձագետներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ի՞նչ ուղով է գնում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը եւ ի՞նչ պետք է անել, որպեսզի միջուկային զենք արտադրելու հնարավորության առջեւ կանգնած Իրանը չսպառնա տարածաշրջանին ու ԱՄՆ-ի շահերին: Վերլուծաբանները գտնում են, որ Իրանը կարող է հրաժարվել միջուկային իր ծրագրերից, եթե Միացյալ Նահանգները վստահեցնի Իրանի վարչակարգին, որ իր նպատակը վարչակարգը փոխելը չէ:

Սակայն մյուս կողմից, ասում է Արդի վտանգների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Լոուրենս Հաասը, Իրանը կարող է բանակցությունների նման փուլն օգտագործել միջուկային ծրագրերին զարկ տալու համար: Նրա խոսքերով, հարկավոր է հասարակ իրանցիներին ասել, որ Ամերիկան ուզում է ամուր կապեր հաստատել նրանց հետ, սակայն պատժամիջոցների է դիմում, վարչակարգը մեկուսացնելու համար:

Միջազգային անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության կենտրոնի տնօրեն Ջեյմս Դոբինսը հիշեցրեց Աֆղանստանում Թալիբանին տապալելու Իրանի ջանքերը, այս երկրում կայունություն հաստատելու եւ աֆղանական ՁՕՕՕՕ թվակազմով զորքեր մարզելու գործում Թեհրանի պատրաստակամությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկությունը:

Դոբբինսը բողոքում է այն բանի համար, որ այս ամենի մասին տեղյակ են պահվել ԱՄՆ-ի նախկին ատագործնախարարը, պաշտպանության նախարարն ու անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, սակայն նրանք անտեսել են դրանք: «Իրաքի հակամարտության համար Իրանն այսօր, այո, կրում է պատասխանտվության իր բաժինը, սակայն մի մոռացեք, որ մեղքի շատ ավելի մեծ բաժին է հասնում ԱՄՆ-ին», ասաց Դոբբինսը:

Նրա խոսքերով, Իրանը Շվեյցարի չէ, սակայն շատ ավելի ժողովրդավարական է, քան ԱՄՆ-ի դաշնակից Եգիպտոսը, ավելի քիչ արմատական, քան՝ Ամերիկայի դաշնակից Սաուդյան Արաբիան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ժամանակին բանակցել է Ստալինի Ռուսաստանի հետ, Մաոյի Չինաստանի եւ ի վերջո փոխվել են այտ երկրների համակարգերը, այլ ոչ Ամերիկայինը:

Նա պնդում է, որ այսօր Իրանի հետ բանակցություններ սկսելու ժամանակն է: Էներգիայի ռազմավարության եւ համաշխարհային վերլուծությունների կենտրոնի գործադիր տնօրեն Հիլարի Մանն Լեւերեթը բողոքում է, որ Քոնդոլիզա Ռայսը, իմանալով հանդերձ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու Իրանի առաջարկների մասին, ասել է, թե այդ մասին ոչինչ չգիտի:

Ֆլինթ Լեւերեթի խոսքերով, եթե ԱՄՆ-ը չիրականացնի Իրանի հետ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ լուրջ քայլեր, կփակվի երկու երկրների միջեւ ռազմավարական փոխըմբռնման դուռը եւ աշխարհի ամենաանկայուն այս տարածաշրջանում կշարունակի անկում ապրել ԱՄՆ-ի արդեն իսկ այդ ուղով գնացող հեղինակությունը:

«Իրանի հետ մարտավարական հարաբերությունների սահմանները» վերտառությամբ ունկնդրումների շարքն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում շարունակվում է՝ շեշտելով Իրանի նկատմամբ կարծր քաղաքականությունը վերանայելու ԱՄՆ-ի տրամադրությունները:

XS
SM
MD
LG