Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետի ելույթը Վաշինգտոնի Մամլո Ազգային Ակումբում


Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին Սպիտակ տանը հանդիպելուց անմիջապես հետո, Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնի Մամուլի ակումբում անցկացրեց մամուլի ասուլիս, որին ներկա էր մի քանի հարյուր մասնակից:

Էրոդողանը նշեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ժամանակի ընթացքում անցել եւ այժմ էլ անցնում են մեծ փորձությունների միջով, շեշտեց իր երկրի աշխարհաքաղաքական կարեւոր ռազմավարական դիրքը եւ հույս հայտնեց, որ կլուծվեն ներկայումս երկու պետությունների միջեւ առկա խնդիրները:

Նրա խոսքերով. «Թուրքիան տարածաշրջանի կայունության բաղկացուցիչ մաս է եւ կարեւոր կամուրջ՝ տարբեր քաղաքակրթյունների միջեւ»:

Նա տեղեկացրեց, որ նախագահ Բուշի հետ իր հանդիպումը կենտրոնացել է երկու հարցի վրա. «1915 թվականի իրադարձություններ եւ հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեություն»: «Մենք ուշադիր ենք հետեւում Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի շուրջ ընթացող իրադարձություններին եւ հույս ունենք, որ այն չի դրվի քվեարկության պալատի լիագումար նիստում», ասաց նա:

Նրա խոսքերով, հայկական կողմի մեղադրանքները պատմականորեն չեն ապացուցվել, իսկ ապացույց կարող են լինել միայն արխիվները, որոնք Թուրքիան պատրաստ է բացել: «Եթե հայերն ունեն դա ապացուցող արխիվներ, թո՛ղ բացեն, ու եթե ապացուցվի, որ եղել է, մենք պատրաստ ենք ընդունել», ասաց Թուրքիայի վարչապետը, առանց «ցեղասպանություն» բառն արտասանելու:

Նա շեշտեց, որ ինքը 2005 թվականին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին է հղել նման հորդորով նամակ ու մինչ այժմ չի ստացել պատասխան: Անդրադառնալով քրդական խնդրին, Էրդողանն ասաց, թե իրենց գլխավոր նպատակը Իրաքի հյուսիսային հատվածում Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՊեԿաԿա-ի գործունեությունը վերացնելն է, «քանի որ այն ահաբեկչական կազմակերպություն է ու սպառնում է Թուրքիայի անվտանգությանը:

Իսկ ամեն երկիր ունի իր շահերը պաշտպանելու իրավունք», ասաց նա: Թուրքիայի վարչապետը չցանկացավ պատասխանել Թուրքիայի որոշ հատվածներում քրդերի դեմ իրականացվող ճնշումներին վերաբերող հարցին՝ նշեց միայն, որ իր երկրի խորհրդարանում կա քուրդ 75 պատգամավոր:

Իսկ այն հարցին, թե ինչպես խոստացավ քրդական խնդրում Թուրքիային օգնել ԱՄՆ-ի նախագահը, Էրդողանն ասաց միայն, թե ԱՄՆ-ը ՊեԿաԿա-ն համարում է ահաբեկչական կազմակպություն ու թշնամի եւ որ ինքը չի կարող տալ այդ հարցի լրիվ պատասխանը:

Գրավոր հարցերը հիմնականում վերաբերում էին քրդական խնդրին, իսկ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից Հայոց ցեղասանպության մասին նրան հղված երեք տարբեր հարցաթերթիկների հարցերն այդպես էլ չընթերցվեցին:

Սակայն, երբ մամլո ասուլիսից հետո Թուրքիայի վարչապետի պատվիրակությունը հեռանում էր Մամուլի ակումբից, «Ամերիկայի Ձայն»-ը հասցրեց նրան ներկայացնել հարցերից միայն մեկն այն մասին, թե ինչու է ինքը հայտարարում, որ չի եղել ցեղասպանություն, այն դեպքում, երբ դրանից մի քանի րոպե առաջ էր ասում, որ դրա պատասխանը կարելի է տալ միայն արխիվներն ուսումնասիրելուց հետո: Արդյո՞ք չի հակասում վարչապետն ինքն իրեն:

Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց, թե իրենք ուսումնասիրել են եւ արդեն եկել են եզրակացության, որ նման բան տեղի չի ունեցել: «Իսկ այս ամբողջ աղմուկի համար մեղավորը հայկական սփյուռքն է», ասաց նա:

XS
SM
MD
LG