Մատչելի հղումներ

Հանդիպումներ Թուրքիայի ղեկավարների հետ


Այս օրերին Թուրքիայի ղեկավար անձանց հետ անց են կացվում տարբեր մակարդակի հանդիպումներ, որոնք կենտրոնանում են Իրաքի խնդրի վրա: Դաշնակից երկրները հորդորում են Անկարային հեռու մնալ Իրաք ներխուժում իրականացնելու մտադրությունից, քանի որ նման քայլը կարող է տանել դեպի լայնածավալ պատերազմ:

Հյուսիսային Իրաքում տիրող լարված իրավիճակի շուրջ Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակցի հետ բանակցելու համար երեքշաբթի օրը Լոնդոն էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա այցելեց նաեւ երկրի խորհրդարան ու հանդիպեց թուրք եւ կիպրաթուրք համայնքների ներկայացուցիչներին:

Իսկ արտգործնախարար Ալի Բաբաջանը Բաղդատում հանդիպումներ էր անցկացնում Իրաքի իր պաշտոնակցի ու երկրի նախագահի հետ, որոնք երկուսն էլ ազգությամբ քուրդ են:

Դիվանագիտական այս արագ գործունեությունը սկսվեց այն բանից հետո, երբ քուրդ ապստամբների կողմից իրականացված հարձակումից հետո, որի արդյունքում սպանվել էր թուրք 12 զինվորական, Թուրքիայի ռազմական ուղղաթիռները արագ գործող ուժեր իջեցրին Իրաքի սահմանի մոտ:

Լոնդոնն ու Վաշինգտոնը մտահոգ են, որ ռազմական գործողությունները համեմատաբար խաղաղ այս տարածքում կարող են դառնալ արյունահեղության պատճառ:

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարներ Դեյվիդ Միլիբենդը եւ Քոնդոլիզա Ռայսը հորդորեցին Իրաքին ու Թուրքիային միասնաբար գործել ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության:

՝՝ԱՄՆ-ի քաղաքականությունն ասում է, որ Իրաքի տարածքը պետք է զերծ մնա ահաբեկչական գործունեությունից՝՝, ասել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսը։

Նրա բրիտանացի պաշտոնակիցը վստահեցրեց, որ իրականացվում են անհրաժեշտ քայլեր:

«Իրականացվում են անհրաժեշտ քայլեր, որոնք Թուրքիայի կառավարությանը թույլ կտան ասելու իրենց ժողովրդին, որ միջազգային համայնքը եւ Իրաքի կառավարությունն այս խնդիրն ընդունում են համապատասխան լրջությամբ», ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Միլիբենդը։

Հրապարակած համատեղ հայտարարությամբ նրանք կոչ են անում նոյեմբերի սկզբին սկսել եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Իրաքի ու Թուրքիայի միջեւ:

Միասնաբար աշխատելու կոչով ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին էր դիմել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:

XS
SM
MD
LG