Երրորդ աշխարհարմարտի վտանգի մասին նախագահ Բուշի հայտարարությունից մի քանի օր անց փոխնախագահ Դիք Չեյնին նախազգուշացրեց, որ եթե Իրանը շարունակի միջուկային իր ծրագրերը, այն կկանգնի լուրջ հետեւանքների առջեւ: Փոխնախագահը հանդես եկավ իր մինչ այժմ ամենախիստ հայտարարությամբ.
«Իրանի վարչակարգը պիտի իմանա, որ միջուկային ծրագրերի իր ներկա դիրքերում մնալու դեպքում, միջազգային համայնքը պատրաստ կլինի լուրջ միջոցների դիմելու համար», ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին։
Վաշինգտոնում մեծաթիվ դիտորդներ են այն կարծիքին, որ գնալով ավելի բարձրագոչ դարձող հայտարարությունները խոսում են այն մասին, որ մինչեւ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալը, Բուշը եւս մեկ քայլ է անում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում: Բրուքինգզի հաստատության պաշտպանության ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մայքըլ Օհենլոն ասել է.
՛՛Նախկին այն հայտարարությունից հետո, ըստ որի վարչակազմը չի բացառում ռազմական ուժի դիմելու հնարավորությունը, վերջին այս հայտարարությունն ապացուցում է ԱՄՆ-ի դիրքորոշման ավելի կարծրացման փաստը եւ տեղ տալիս վատ կանխազգացումների համար»:
Չեյնիի այս հայտարարությունը շատ նման է այն նախազգուշացմանը, որով նա հանդես եկավ Իրաք ներխուժում իրականացնելուց երկու ամիս առաջ.
«Թույլ չենք տա, որ ահաբեկչության հետ առնչվող անողորմ մի բռնակալ գերիշխի Մերձավոր Արեւելքում ու ապառնա Միացյալ Նահանգներին»:
Իրանի նկատմաբ Չեյնիի նախագզուշացնող հայտարարությունից մի քանի օր առաջ Բուշը հանդես էր եկել խիստ խրատական խոսքերով.
«Ես ասել եմ, որ եթե ուզում եք խուսափել Երրորդ աշախարհամարտից, պետք է շահագրգռված լինեք թույլ չտալու, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք արտադրելու գիտելիքներ»:
Չնայած Սպիտակ տունը նախագահի այս հայտարարությունը մեկնաբանեց որպես հռետորական ելույթ, միեւնույն ժամանակ նշվեց, որ Թեհրանում Վաշինգտոնի նման խոսքերին հետեւում են մեծ ուշադրութեյամբ: