Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւը կոնգրեսում


Հոկտեմբերի 1Օ-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմ, 21 դեմ ձայներով քվեարկեց հայոց ցեղասպանությունը վերահաստատող թիվ 1Օ6 բանաձեւի օգտին։

Մինչեւ քվեարկությունը հնչած ելույթները կենտրոնացան հիմնականում երկու հանգամանքների՝ պատմական իրողությունը ճանաչելու եւ բանաձեւը ընդունելու դեպքում՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները վնասելու հնարավորության վրա։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերը համարեց պատմական փաստ.

՛՛Մենք չենք քննարկում այն հարցը, թե հայերը դարասկզբին Թուրքիայում ենթարկվել են ջարդերի, թե՝ ոչ։ Եթե հարցը դրվեր այդպես, այն կանցներ միաձայն։ Սակայն այժմ հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ-ը իր արտաքին քաղաքականությունը պիտի հենվի ցեղասպանությունը ճանաչելու փաստի վրա՝՝։

Հաջորդ ելույթ ունեցողներից մի քանիսը ներկայացրին պատմական փաստեր ցեղասպանությունից, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի արխիվներում պահվող փաստաթղթերից։ Շատերը կոչ արեցին անպայման քվեարկել, ինչպես իրենք ասացին, հանուն պատմական ճշմարտության։

՛՛Եթե այսօր չընդունենք այս բանաձեւը, այն հովանավորող 225 ու դեռ ավելի կոնգրեսականներ եկող տարի պիտի նորից հարցը դնեն այս դահլիճում։ Եթե սա գրգռում է Թուրքիային, եկե՛ք դադարեցնենք նրան գրգռել՝ բանաձեւը ընդունելով՝՝, ասել է կոնգրեսական Բրեթ Շերմանը։

Նյու Ջըրսի նահանգը ներկայացնող կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի խոսքերով, երբ հայերի դեմ իրականացվում էին ջարդեր, ՛՛ցեղասպանություն՝՝ որակումը դեռեւս գոյություն չուներ, սակայն գոյություն ուներ փաստը՝՝։

՛՛Կոչ եմ անում, որ հանձնաժողովը կողմ քվեարկի այս բանաձեւին ու հորդորում մեր թուրք բարեկամներին ընդունել, որ մենք շարժվում ենք ճշմարտության դիրքերից՝՝, ավել է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։

Խոսք գնաց Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրաքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության նկատմամբ Թուրքիայի աջակցության կարեւորության մասին։ Նշվեց, որ այստեղ ամերիկյան ուժերի ու զենքի տեղաբաշխումը հիմնականում իրականացվում է Թուրքիայի տարածքով եւ հայոց ցեղասպանությունը վերահաստատող թիվ 1Օ6-րդ բանաձեւը ընդունելով, այդ աջակցությունը կարող է կրել մեծ կորուստներ։

՛՛Այդ դեպքերը տեղի են ունեցել ավելի քան 9Օ տարի առաջ, իսկ այսօր այս տարածաշրջանում կան այլ վտանգներ, այդ թվում ամերիկյան զինվորականների կյանքին սպասվող վտանգը։ Այդ պատճառով, գտնում եմ, որ բանաձեւը ընդունելու համար չի ընտրված ճիշտ ժամանակը՝՝, ասել է կոնգրեսական Թոմ Բըրթընը։

Ավելի քան երկու ժամ տեւած ելույթներից հետո բանաձեւն ընդունվեց ձայների 27 –ը 21-ի հարաբերությամբ։ Կողմ քվեարկեց նաեւ իր ելույթում դրա դեմ հանդես եկած հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը։

Հանձնաժողովում բանաձեւի ընդունումը թույլ է տալիս այն դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։ Այս մասին որոշում պիտի կայացնի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որը բազմիցս է հանդես եկել այդ քայլի օգտին։

XS
SM
MD
LG