1991 թվականին Մանհեթընում Դաշնության շենքի կառուցման ժամանակ հայնաբերվեցին արեւմտյան կիսագնդում սեւամորթների 17-18րդ դարերի ամենամեծ գերեզմանատան ու արվեստի գործերի մնացորդներ: Տասնվեց տարի անց կառուցվեց այստեղ թաղված աֆրիկացիների հիշատակին մի հուշարձան։ Սա կարեւոր պահ էր նրանց համար, ովքեր իրականություն դարձրին մշտական հուշարձանը: Միջոցառումը ղեկավարում էր դերասան Էըվըրի Բրուքսը.
«Սա մի պատմական անկյունաքար է մեզ համար, որպեսզի երբեք չմոռանանք 17-18րդ դարերում այստեղ թաղված մեր նախնիներին»:
Աֆրիկյան գերեզմանատան հուշարձանը այժմ կազմում է մի փոքր հատվածը նախկին գերեզմանատան, որտեղ թաղված է եղել մոտ 20 հազար մարդ: Մասնագետները այս գերեզմանատունը համարում են ԱՄՆ-ի պատմության մեջ հնագիտական ամենակարեւոր հայտնաբերմուներից մեկը: 1991 թվականին այստեղից հանվեց մարդկային 419 անձանց մասունքներ, որոնք այնուհետեւ հողին հանձնվեցին աֆրիկյան արարողությամբ: Ներկա էին Օսկարի դափնեկիր Սիդնի Փոյթերը եւ Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը։ Սա ԱՄՆ-ում ստրկությանն առնչվող ազգային առաջին հուշարձանն է.
«Մենք շարունակում ենք խաղաղություն հաստատել մեր անցյալի հետ, քանի որ նման անարդարությունների մեղքը քավելու ձեւերից մեկը այդ անարդարությունը ճանաչելն է»:
Բանաստեղծուհի Մայա Անջելոուի ներկայությունն այս արարողությանը անսպասելի չէր.
«Անցած մարդկանց պատվելով՝ մենք պատվում ենք նաեւ մեզ: Պատվում ենք բոլորին, ովքեր դարձել են անհավասարության զոհեր»:
Այս հուշարձանը կառուցելու համար հայտ ներկայացրած 60 ճարտարապետներից 2004 թվականին հաղթող էր ճանաչվել Ռոդնի Լեյոնը.
«Այս հուշարձանը կորսված բոլոր կյանքերի, բոլոր մոռացվածների հիշատականի համար է: Այն կառուցված է ապագա սերունդների համար»: