Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի վարչակազմը ցանկանում է պատերազմի ֆինանսավորումը հասցնել 200 միլարդի


ԱՄՆ-ի Սպիտակ տունն այժմ գտնում է, թե Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմները շարունակելու համար անհրաժեշտ է 50 միլիարդ դոլարով ավելի գումար, քան հայտարարվել էր փետրվարին: Իսկ Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի նախագահը պնդում է, որ այդ հարցը կապված է որոշ պայմանների հետ:

Բյուջեն վերահսկող օրենսդիրների շրջանում շարունակվում է Իրաքի պատերազմի հարցում ընդդիմությունը: Արտաքին հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Բըրդի խոսքերով, «արատավոր եւ սարսափելի» այս պատերազմի համար ամերիկացիները վճարել են 600 միլիարդ դոլար.


«Անհնար է ժողովրդավարություն հաստատել հրացանի փողի տակ: Այդ պատճառով, այս հանձնաժողովը նախագահի ներկայացրած ամեն մի խնդրանք չի հաստատելու»:


Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը, ընդունելով հանդերձ պատերազմի հարցում աճող լարվածությունը, խնդրեց օրենսդիրներին հիշել ամերիկյան ուժերի զոհողությունների մասին.

«Հորդորում եմ հաստատել փաթեթը հնարավորին չափ արագ, առանց խոչընդոտներ հարուցելու»:

Օրենսդիրներին հուզում է նաեւ ԱՄՆ-ի դիվանագետների անվտանգությունը պաշտպանող «Բլեքուոթեր» ընկերության խնդիրը, որի անդամները վերջերս սպանել էին իրաքցի 11 քաղաքացիների: Նրանց հուզում են այն հրապարակումները, ըստ որոնց արտագործնախարարությունը հետաքննության ընթացքում ցուցաբերում է միջամտություն: Հավելյալ 50 միլիարդ դոլար հատկացնելու դեպքում, 2008 թվականին պատերազմի ֆինանսավորումը կհասնի 200 միլարդի:

Դեմոկրատ կոնգրեսականները, չունենալով հանդերձ դրա համար բավարար ձայներ, ծրագրում են Սպիտակ տան այս խնդրանքն օգտագործել որպես միջոց՝ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու համար:


XS
SM
MD
LG