ԱՄՆ-ի Սենատն այս շաբաթ քննարկելու է Իրաքում պատերազմը ղեկավարելու նախագահ Բուշի իրավասությունները կրճատելու հարցը: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, Կոնգրեսի ու նախագահի միջեւ այս պայքարում առավելությունը վերջինիս կողմն է:
Մի քանի օր առաջ Իրաքում Բուշի ամենաավագ գեներալը՝ Դեյվիդ Փեթրիուսը եւ ամենաավագ դիվանագետը՝ դեսպան Ռայըն Քրոքերը, առարկելով զորքերի արագ հետքաշման կոնգրեսականների պահանջը, ներկայացրին ուժերի դանդաղ դուրսբերման մասին իրենց առաջարկը: Դեմոկրատները Սենատում դեմ են ներկայացված ծրագրին:
«Պատերազմի ընթացքը փոխելու համար առաջարկելու ենք օրենքում փոփոխություններ», ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը։
Սակայն ինչպես քաղաքական վերլուծաբան Լարի Սաբատոն է ասում, միայն մեկ ձայնի առավելությունը բավարար չէ: Քվեարկության ժամանակ անհրաժեշտ է ձայների երկու երրորդը։ Այդ պատճառով նա առաջարկում է փոխել սահմանադրությունը, որպեսզի Կոնգրեսն ունենա ձայների պարզ մեծամասնությամբ որեւէ պատերազմ ավարտելու իրավունք:
Չարլզ Ստիվենսոնը Սենատում երկու տասնամյակ եղել է պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական: Նա պնդում է, որ Կոնգրեսն առանց այն էլ ունի նախագահին իր կամքը պարտադրելու ուժ, ինչպես օրինակ 1973 թվականին, երբ ի հակադրություն նախագահ Նիքսոնի հրամանի, որոշեց դադարեցնել ռմբակոծումները Վիետնամում: Իսկ երբ Սոմալիում կործանվեց ամերիկյան ռազմական մի ուղղաթիռ, դառնալով ամերիկացի 18 զինվորականների մահվան պատճառ, նախագահ Քլինթընն ընդունեց ամերիկյան ներկայությունը կրճատելու Կոնգրեսի առաջարկը:
«Նախագահները սովորաբար ենթարկվում են ֆինանսական դիրքերից գործող Կոնգրեսի ճնշումներին: Սակայն վստահ չեմ, որ Կոնգրեսը այժմ պատրաստ է ընդունել նախագահին պարտադրող որոշում», ասել է Չարլզ Ստիվենսոնը:
Իսկ այսօր, քանի դեռ պատերազմի դեմ հանդես եկող սենատորները չունեն բավարար թվով ձայներ, Բուշը շարունակելու է պատերազմն այնպես, ինչպես ինքն է գտնում հարմար: