Չնայած ԱՄՆ-ի դրամական շուկան երեքշաբթի օրը գրանցեց հույսեր ներշնչող վերելք, մտահոգիչ են մնում աշխատատեղերի կրճատման գործընթացը եւ անշարժ գույքի առեւտրի սառը վիճակը, որոնք թույլ են տալիս կանխատեսել, որ եկող հինգ տարիներին այստեղ կգրանցվի տնտեսական աննախադեպ դանդաղ աճ:
Ամերիկյան շուկաները շատ արագ արձագանքեցին օգոստոսին եւս չորս հազար աշխատատեղերի կրճատման մասին ուրբաթ օրը ստացված լուրերին: «Դաու Ջոնս»-ն արագ անկում գրանցեց՝ տնտեսագետներին ստիպելով վերանայել իրենց կանխատեսումները: Ֆինանսական փորձագետներն ասում են, թե չորս տարվա ընթացքում ամսական առաջին անկումը տնտեսական ծանր կշիռ ունեցող ցուցանիշ է: Բիլ Չեյնին «Ջոն Հենքոք» ֆինանսական ծառայության գլխավոր տնտեսագետն է.
«Սա կարեւոր հարց է, որը շեշտում է այն հանգամանքը, որ տնտեսության ընդհանուր իրավիճակը անցած մի քանի ամիսներին ավելի թույլ է, քան մենք կանխատեսում էինք»:
Ամենամեծ կորուստները կրել են նրանք, ովքեր աշխատում են անշարժ գույքի հետ կապված ձեռնարկություններում: Բնակարանային շինարարության բնագավառում գրանցվել է 22 հազար աշխատատեղերի կրճատում: Արդյունքում՝ ավելի նվազ հարկերի պատճառով կրճատվել են պետական ծառայողներին հատկացվող գումարները: Անշարժ գույքի առեւտրի բնագավառում 25 տարի աշխատած Ջիմ Դել'Աննոն ստիպված թողել է աշխատանքը.
«Նման բաներից մենք չենք ընկնում հոգեկան ծանր ապրումների մեջ: Նման բաներ միշտ են պատահում: Մենք սովոր ենք դրանց»:
Վերլուծաբաններն ասում են, թե աշխատատեղերի, այդ թվում վարկատու ամենամեծ «Քանթրիուայդ» ընկերությունում 12 հազար աշխատատեղերի կրճատման փաստն ավելի է արագացնում տնտեսական անկումը: Տնտեսագետ Բիլ Չեյնին հավատացած է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը, տնտեսությանը զարկ տալու համար, եկող շաբաթ մեկ քառորդով կկրճատի տրամադրվող վարկերի տոկոսաչափը.
«Սպասում ենք, որ Կենտրոնական բանկն այսօր գործի ավելի համարձակ, քան անհրաժեշտ էր երեկ»:
Տնտեսական այս իրավիճակից մտահոգ ներդրողներին այս շաբաթ մի քիչ սփոփեց կառավարության այն հաշվետվությունը, ըստ որի հուլիսին նկատվել է առեւտրի բնագավառում պակասորդի նվազում: