Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բարձրաստիճան հրամանատարը Իրաքյան զորքերի կրճատում է առաջարկում


Իրաքում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Դեյվիդ Փեթրիուսը ասաց, թե ամերիկյան զորքերն իրենց պարտականություններն Իրաքում կարողանում են կատարել հիմնականում վերջին համալրման ադյունքում, նշելով սակայն, որ մեկ տարվա ընթացքում թվակազմն այնտեղ կկրճատվի:

Գեներալ Փետրիուսը եւ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոքերը հանդես եկան Ներկայացուցիչների պալատի երկու հանձնաժողովների համատեղ հանդիպման ժամանակ: Փեթրիուսն ասաց, թե իրաքյան ուժերն աստիճանաբար վերահսկում են իրադրությունը եւ, որպես դրա արդյունք, մի քանի շաբաթից ԱՄՆ-ը կարող է սկսել իր ուժերի աստիճանական հետքաշում.

«Կարծում եմ, մինչեւ եկող ամառ զորքերի թվակազմը կարող ենք, առանց անվտանգությունը վնասելու, բերել նախքան վերջին համալրման մակարդակին»:

Սակայն երկու պաշտոնյաներն էլ ընդունեցին, որ առաջընթացն Իրաքում դանդաղ է։

«Չնայած Իրաքում իրադրության բարդությանը եւ դժվարությանը, հավատացած եմ, որ կարող ենք հասնել այնտեղ մեր նպատակին միայն ժամանակի ընթացքում», ասել է գեներալ Պետրիուսը։

Գեներալն ասաց նաեւ, թե Իրաքում 45 տոկոսով անկում են ապրել ոչ բնական մահվան դեպքերը: Դեսպան Քրոքերի խոսքերով, Իրաքի քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերում այս տարի գրանցվել է առաջընթաց, մի բան, ինչին որոշ կոնգրեսականներ կասկածում են:

«Վարչակազմն այսօր ձեզ այստեղ է ուղարկել Կոնգրեսին հրամցնելու իր այն միտքը, որ հաղթանակը մեր ձեռքերում է: Հակառակ ձեր նկատմամբ իմ հարգանքին, ես չեմ գնում ձեր վաճառածը», ասել է կոնգրեսական Թոմ Լանթոսը:

Կոնգրեսի կողմից հովանավորված ԱՄՆ-ի կառավարական հաշվետվությունների ծառայությունը իր վերջին զեկույցում գրել էր, որ Իրաքը չի կատարել իր առջեւ դրված գլխավոր 18 պահանջների մեծ մասը: Քրոքերը փորձեց հավաստիացնել, որ Իրաքի քաղաքական գործիչները ունեն ամենաբարդ հարցերը լուծելու ցանկություն:

«Սակայն անկեղծ ասած, չեմ կարծում, որ առաջընթացը կլինի շատ արագ», ասել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոքերը:

Դեսպան Քրոքերը եւ գեներալ Փեթրիուսը երեքշաբթի օրը զեկույցներով հանդես են գալու Սենատի երկու հանձնաժողովների առջեւ:

XS
SM
MD
LG