Ամերիկացիներն ավելի երկար են աշխատում եւ ավելի արտադրում, քան զարգացած մյուս երկրներում աշխատող մարդիկ: Սակայն ՄԱԿ-ի մի հաշվետվության համաձայն, աշխարհի մյուս վայրերում արտադրողականությունը բարձրանում է ավելի մեծ արագությամբ, քան ԱՄՆ-ում:
Աշխատավորների օրը, որն ԱՄՆ-ում նշվեց անցած երկուշաբթի, աշխատանքի ծանրաբեռնվածությունից կտրվելու հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր տարեկան միջին հաշվով աշխատում են 1800 ժամ ու վաստակում 64 հազար դոլար:
Չնայած ՄԱԿ-ի մի զեկույցի համաձայն, Նորվեգիայի աշխատավորները, հիմնականում նավթի արտահանումների պատճառով, յուրաքանչյուր ժամում վաստակում են ավելի մեծ գումար, քան ամերիկացիները, Ամերիկայում արտադրողականությունը գերազանցում է բոլորին: Ֆրեդ Բիչեմփը, որն այս պահին հանգստանում է ընտանիքի հետ, գտնում է, որ ամերիկացիներն այսօր ավելի են աշխատում, քան տասը տարի առաջ.
«Մարդկանց առջեւ տանը եւ աշխատանքի վայրում այնքան պատասխանատվություն է դրված, որ երկար աշխատելու եւ ավելին արտադրելու պահանջը մտել է մեր գիտակցության մեջ»:
Արեւելյան Ասիայի որոշ երկրներում մարդիկ ամերիկացիներից տարեկան 400 ժամ ավելի են աշխատում: Ուսուցիչ Ֆորիսթ Բենքսթընը կարծում է, որ մրցունակությունը պահպանելու հանգամանքը ամերիկացիներին ստիպելու է է՛լ ավելի երկար մնալ աշխատավայրերում.
«Դոլարն այնքան մեծ ուժ չունի եւ մարդիկ ցանկանում են աշխատել ավելի երկար, վաստակել ավելին, որ կարողանան ունենալ ավելին»:
Արեւելյան Ասիայի որոշ երկրներում արտադրողականությունն անցած 10 տարիներին ավելի քան կրկնապատկվել է: Սակայն, ինչպես ՄԱԿ-ի զեկույցում է ասված, այն հինգ անգամ զիջում է զարգացած երկրների արտադրողականության ծավալներին՝ ներդրումների, փորձի ու սարքավորումների պակասի պատճառով: