Մոտ մեկ դար առաջ՝ Օսմանյան կայսրության փլուզումից ի վեր, երբ քրդերի ավանդական հայրենիքը բաժանվեց Իրաքի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի միջեւ, միացյալ ու անկախ քրդական պետության համար մղվող անջատողական շարժումներն այստեղ չեն դադարել: Լեռնային Հաջի Ումրան գյուղը Իրաքի եւ Իրանի քրդական հատվածների միջեւ առեւտրի անցումային կետ է:
Շրջակա տարածքներում կան ագարակներ, երեւում են ոչխարի ու այծերի հոտեր: Օրվա ընթացքում այստեղ շատ խաղաղ է: Սակայն ինչպես տեղի ուսուցիչներից Ալի Քաթարն է ասում, վերջին մի քանի ամիսներին իրանական ուժերը գիշերվա ընթացքում սկսում են հրետանակոծություն.
«Իրանցիները ճշգրիտ նշանառությամբ հրետանակոծում են գրեթե ամեն գիշեր»:
Հաջի Ումրանի գյուղապետ Ահմեդ Համադ-Ամինը վերջերս հանդիպում է ունեցել Իրանի սահմանային անվտանգության ուժերի հետ.
«Ասացին, թե կդադարեցնեն հրետանակոծությունը, սակայն այս պահին կրակ արձակելու համար ունեն պատճառներ»:
Տեղի պաշտոնատար անձինք ասում են, թե Իրանի անվտանգության ուժերը հետապնդում են լեռներում բնակվող քուրդ անջատողականներին, ովքեր կապված են Թուրքիայից գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՊեԿաԿա-ի հետ: Ոմանք ասում են, թե Թուրքիայում եւ Իրանում անջատողական շարժումների համար պատասխանատու է Իրաքի Քրդսատանը:
«Չենք ուզում ՊեԿաԿա-ի պատճառով ներխուժում իրականացվի Իրաքի քրդական տարածքներ: Չենք թաքցնում, որ ՊեԿաԿա-ի մի մասն էլ գործում է Իրանի, Թուրքիայի ու Իրաքի լեռնային գոտուց: Բայց ուզում ենք հաստատ ասել, թե մեր քաղաքականությունը թույլ չի տալիս, որ որեւէ մեկը մեր տարածքներն օգտագործի ընդդեմ մեր հարեւաններից որեւէ մեկի», ասում է Իրաքի քրդական շրջանի պաշտոնյա Ֆալա Մուսթաֆան։
Մուսթաֆան ասում է, թե Քրդստանի շրջանային ղեկավարությունը հույս ունի այս հարցերը լուծել խաղաղ բանակցությունների եղանակով: