Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարի հրաժարականը


Հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ալբերտո Գոնզալեսը՝ դաշնային ութ դատախազների պաշտոնանկ անելու եւ լրտեսության հետ կապված հարցերում նրա ընդունած որոշումների շուրջ առաջ եկած եւ ամիսներ տեւած հակասություններից հետո: Գոնզալեսը չպատասխանեց որեւէ հարցի ու չտվեց որեւէ բացատրություն: Սակայն Բուշն ասաց այն, ինչ մտածում էր:

«Ցավում եմ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ, Ալբերտո Գոնզալեսի նման տաղանդավոր ու արժանավոր մարդկանց անունը քաղաքական նպատակներով ցեխի միջով տանելով, խոչընդոտում են աշխատել», ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը։

Ալբերտո Գոնզալեսը Բուշի ամենաջերմ աջակիցներից է եղել դեռ այն ժամանակներից, երբ վերջինս Տեխասի նահանգապետն էր: Նա աշխատանքներ է տարել նախագահի լիազորություններն ընդլայնելու, այդ թվում՝ գաղտնի լսումներ արտոնելու ուղղությամբ: Ներկայացրել է ռազմական դատարանների առնչությամբ օրենքի հակասական նախագծեր ու փորձել սահմանափակել Գուանտանամոյի բանտում պահվող անձանց իրավունքները:

Բուշը նրա մասին խոսում է գովեստով. Անցյալ տարի դաշնային ութ դատախազների պաշտոնանկ անելու նրա որոշումն էր, որ լցրեց Կոնգրեսի համբերության բաժակը, որտեղ կասկածի տակ առան այդ որոշումներն առանց քաղաքական դրդապատճառների կայացնելու մասին նրա արդարացումները:

«Անազնվությունը պարզ տեսանելի էր դեռ սկզբից: Սակայն եթե նա ժամանակին ընդուներ, որ սխալ էր թույլ տվել ու ներկայացներ սխելներն ուղղելու ձեւերը, իր պաշտոնն ապահոված կլիներ իր համար», ասել է ԱՄՆ սենատոր Չարլզ Շումերը։

Լատինամերիկյան ծագումով առաջին արդարադատության նախարար Գոնզալեսը մեկ տարվա ընթացքում Բուշի վարչակազմից հրաժարական ներկայացրած երրորդ բարձր պաշտոնյան էր: Նրան հավանաբար փոխարինի հայրենիքի անվտանգության ղեկավար Մայքըլ Չերթոֆը:

XS
SM
MD
LG