Մատչելի հղումներ

Ռուսաստանը վերականգնում է իր ռազմական կարողությունները


Ռուսաստանում ռազմավարական նշանակություն ունեցող կործանիչների թռիչքների վերսկսումը վերլուծաբանները համարում են երկրի ռազմական կարողությունները վերականգնելու փորձ: Սակայն այն հիշեցնում է նաեւ Սառը պատերազմի տարիներին ռազմական ուժով երկրի հզորությունը ցուցադրելու Ռուսաստանի փորձառությունը:

Նախագահ Պուտինը Ռուսաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում փորձում է ամրապնդնել ռազմական կարողությունների միջոցով: Տարվա սկզբին էր, որ նա ստորագրեց զինված ուժերը վերականգնելու համար 200 մլրդ. դոլար հատկացնելու մասին որոշում: Ամսվա սկզբին հանդես եկավ աշխարհի տարբեր հատվածներում ռազմավարական նշանակություն ունեցող կործանիչների թռիչքերը վերականգնելու մասին հայտարարությամբ:

«Կարծում եմ, դժվար պիտի լինի ռուսների համար բացատրել, թե որն է երկրի սահմաններից դուրս հսկողություն սահմանելու նպատակը, կամ ինչո՞ւ են նրանք պտտվում խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու երկնքում», ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Ստիվըն Սեստանովիչը։

Սակայն շատերն են Ռուսաստանում հավանություն տալիս ուժերը վերականգնելու Պուտինի ջանքերին:

«Պուտինն ապացուցում է, որ այսօր Ռուսաստանը կարող է աշխարհի հզորների հետ խոսել հավասարի դիրքերից: Ռուսները սիրում են ուժեղ ղեկավարներին», ասում է Ռուսաստանի հեռուստատեսային մեկնաբան Ալեքսեյ Պուշկովը։

Տարբեր վերլուծաբաններ տարբեր, հաճախ հակասական տեսակետներ են արտահայտում Մոսկվայի ծրագրերի կապակցությամբ:

«Նրանք շատ են ցանկանում ցույց տալ, որ անկախ են բոլորից, սակայն չեմ կարծում, որ իրենք իրենց համոզել են դրա կարեւորությունը», ասում է Ստիվըն Սեստանովիչը։

Վերլուծաբան Ռիչարդ Վայցի խոսքերով, խելամիտ է, որ նավթի պաշարները Ռուսաստանն օգտագործի զինված ուժերը վերականգնելու համար.

«Ռուսաստանը միշտ է ունեցել ԱՄՆ-ին հետ պահելու համար միջուկային կարողություններ: Այսօր բնական է, որ այն մշակի նավատորմը հզորացնելու ծրագրեր»:

Չնայած ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից մեծ արձագանք չկա այս ամենի ննկատմամբ, շատերն են կարծում, որ այս սպառազինությանը հարկավոր է հետեւել մեծ ուշադրությամբ: Իսկ այս ընթացքում Ռուսաստանի սպառազինման գործընթացը շարունակվում է:

XS
SM
MD
LG