Լիբանանի շիա գլխավոր առաջնորդ Այաթոլլահ Մուհամեդ Հուսեյին Ֆադլալլահը հրապարակել է կրոնական օրենքի՝ ֆաթվայի մի կետ, որն արգելում է պատվի համար սպանությունները՝ սեռական անհարգի կապերի մեջ կասկածվող կանանց սպանելու փորձառությունը անվանելով «թունավոր երեւույթ»:
«Պատվի համար սպանությունները համարում եմ նողկալի գործողություններ, ինչը դատապարտված եւ արգելված է կրոնի կողմից», հայտարարեց Գերագույն Այաթոլլահ Ֆադլալլահը: Նրա խոսքերով, որեւէ մեկը, այդ թվում՝ որեւէ ամուսին, հայր կամ ընտանիքի որեւէ այլ անդամ չունի սեռական պատճառներով կանանց պատժելու արտոնություն: Այդ իրավունքը, ասաց նա, պատկանում է իրավապահ մարմիններին եւ նրանք, ովքեր իրականացնում են սպանություններ պատվի համար, «պիտի պատժվեն այս կյանքում»: Նա ասաց նաեւ, թե նման սպանությունները մահմեդական կրոնով դասվում են ամենամեծ հանցանքների շարքում, որոնք իրականացնողները կյանքից հետո պիտի մուտք գործեն դժոխք:
Մարդու իրավունքների պաշտպանության մասին ԱՄՆ-ի արտգործնախարարության վերջին զեկույցում ասված է, թե պատվի անունից իրականացվող քայլերի հետեւանքով, Լիբանանն ունի իրավական խտրական համակարգ: Այս երկրի օրենսգրքի 562-րդ հոդվածում ասված է. Եթե որեւէ տղամարդ պարզում է, որ ընտանիքի կին անդամներից մեկն ունի սիրային սեռական կապեր եւ սպանում է նրան, այն համարվում է մեղմացուցիչ հանգամանք:
ՄԱԿ-ը կոչ է արել Լիբանանին վերափոխել այս օրենքը: Պատվի համար սպանություններ տեղի են ունենում մերձավորարեւելյան շատ երկրներում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ամեն տարի պատվի համար սպանում են մոտ հինգ հազար կին: Այս սպանությունների ավելի քան հազարը տեղի են ունենում Պակիստանում: Իսկ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրենքների համաձայն, պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց՝ սեռական հողի վրա առաջ եկած բռնություններից:
ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսի կանանց հարցերով ավագ խորհրդական Շիրին Թահիր Խելին ասում է, թե ԱՄՆ-ը աջակցում է նման սպանությունների դեմ հանդես եկողներին.
«Մենք այս հարցը աչքաթող չենք անում այնպես, ինչպես առաջ էինք անում: Նույնիսկ այն դեպքերում, երբ շատ կարեւոր են պետական երկկողմանի հարաբերությունները, Միացյալ Նահանգների կառավարությունն այս հարցը վեր է հանում ամենաբարձր մակարդակներով»:
Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե մարդու իրավունքների, այդ թվում կանաց իրավունքների պաշտպանությունը համարվում է Ամերիկայի արտաքին քաղաքականության անկյունաքար: