Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի վարկանիշը իջել է


ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախագահ Բուշի վարկանիշը իջել է նախադեպը չունեցող ցածր մակադակի: Անկել է աջակցությունը նաեւ Հանրապետական կուսակցության պահպանողական սոցիալ-տնտեսական արժեքների նկատմամբ: Արդյո՞ք Ամերիկան ստանում է քաղաքական ձախ թեքում:

Երբ Սպիտակ տան ամենահզոր խորհրդական Քարլ Ռովը ներկայացրեց հրաժարական, մեծաթիվ մեկնաբանություններ եղան այն մասին, որ իշխանությունը հանրապետականներից հեռանում է: Բուշին այսօր աջակցում է յուրաքանչյուր երեք ամերիկացիներից միայն մեկը: Վերլուծաբաններն ասում են, թե մարդիկ հոգնել են Իրաքի պատերազմից, ինչն իր ներգործությունն է թողնում Բուշի նկատմաբ աջակցության վրա:

«ՍիԲիԷս»-ի եւ «Նյու Յորք Թայմս»-ի կողմից անցկացված հարցումների համաձայն, 10 ամերիկացիներից 9-ը գտնում է, որ հարկավոր է մեծ բարեփոխություններ առողջապահական համակարգում, կամ՝ դրա լիակատար ձեւափոխում: Թոշնում է նաեւ Բուշի ավանդապահության քաղաքական հենքը: Տարիների ընթացքում նվազում է նվիրվածությունը կրոնական արժեքներին, ավելի ընդունելի դառնում համասեռամոլությունը:

Փյու հետազոտական կենտրոնի տվյալներով, անցած 12 տարիների ընթացքում տոկոսային երկնիշ թվերով է աճել նրանց թիվը, ովքեր ասում են, թե կառավարությունն ավելի մեծ հոգ պիտի տանի կարիքավորների համար:

«Մարդիկ մինչեւ ականջները խրված են պարտքերի մեջ, ավելի քիչ դրամ ունեն նրանք բորսաներում, վարկերի բարձր տոկոսների պատճառով՝ ավելի քչերն ունեն սեփական տներ: Կարծում եմ, սա ձախողման նկատմամբ մարդկանց վերաբերմունքն է», ասում է Էնդի Ստերնը, Ծառայողական աշխատավորների միջազգային արհմիությունից։ 10 տոկոսի տարբերությամբ, մարդկանց մեծամասնությունն այսօր ցանկանում է Սպիտակ տանը տեսնել դեմոկրատներին: Ոմանք էլ պնդում են, թե շատ բան է կախված թեկնածուներից:

«Եթե նույնիսկ դեմոկրատները վերցնեն ե՛ւ Կոնգրեսը ե՛ւ Սպիտակ տունը, արմատական փոփոխությունների ընթացքը շատ դանդաղ է լինելու», ասում է վերլուծաբան Ստիվըն Հեսը Բրուքինգզ հաստատությունից։

15 ամսից ամերիկացի ընտրողը կարող է հրաժարվել հանրապետականներից: Սակայն վերլուծաբանները դեպի ձախ թեքումը նմանեցնում են քաղաքական այն ճոճանակին, որը շարունակ գնում է մեկ դեպի աջ, մեկ՝ դեպի ձախ:

XS
SM
MD
LG