Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի հեղափոխական գվարդիան ահաբեկչական կազմակերպություն նկատելու հարցը


Բուշի վարչակազմը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկում է Իրանի հեղափոխական գվարդիան ահաբեկչական օտար կազմակերպությունների շարքում դասելու հարցը, ինչը կարող է դառնալ վերնախավային ռազմական այս միավորման նկատմամբ պատժամիջոցներ սկսելու նախնական քայլ:

Իրանի 125 հազար անդամ ունեցող հեղափոխական գվարդիան իր համբավը ձեռք բերեց հիմնականում 1980-ականների իրան իրաքյան պատերազմի ժամանակ, երբ գվարդիայի անդամները կամավոր կերպով զոհում էին իրենց՝ հանուն երկրի պաշտպանության: Այսօր էլ նրանք իրենց համարում են Իրանի հեղափոխության պաշտպաններ: Սակայն նրանց մասին կա այլ կարծիք եւս:

«Հեղափոխական գվարդիան իրականում վերածվել է հանցավոր կազմակերպության, որն իր գրպաններն է լցնում կաշառակերության ու գործարարության միջոցով: Այն դարձել է նաեւ տարածաշրջանը ապակայունացնող գործոն», ասում է Փաթրիկ Քլոուսընը Մերձավոր Արեւելքի քաղաքականության հաստատությունից։

Ըստ ամերիկացի պաշտոնատար անձանց, գվարդիան զենք է տրամադրում Իրաքի շիա զինյալներին: Թերթերի որոշ հրապարակումների համաձայն, դա է պատճառն այն բանի, որ Բուշի վարչակազմը քննարկում է Իրանի գվարդիական ուժերը ահաբեկչական օտար կազմակերպությունների շարքում դասելու հարցը: Այս մասին, իրեն տրված հարցին ի պատասխան, ակնարկեց ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շան Մաքքորմաքը.

«Մենք դեմ ենք մեր զորքերին հետապնդող ուժերին զենք մատակարարելու Իրանի փորձառությանը: Մենք դեմ ենք Իրանին՝ այս երկրի միջուկային ծրագրերի պատճառով»:

Եթե ԱՄՆ-ը Իրանի գվարդիական ուժերը դասի ահաբեկչական կազմակերպությունների շարքում, առաջին անգամը կլինի, որ նման քայլ է իրականացվում որեւէ երկրի զինված ուժերի նկատմամբ:

«Հեղափոխական գվարդիան իր կարգավիճակն օգտագործում է ապստամբ ուժերին զենք մատակարարելու հարցում կենտրոնական կառավարության դերը կոծկելու համար: ԱՄՆ-ը այդ դեպքում կարող է ասել. Եթե գործում եք կառավարությունից անկախ, մենք ձեր նկատմամբ կիրականացնենք քայլեր, որոնք ուղղված չեն ըննդեմ կառավարության», ասում է Փաթրիկ Քլոուսընը Մերձավոր Արեւելքի քաղաքականության հաստատությունից:

Պատժամիջոցներ սկսելու դեպքում, կարող է արգելք դրվել Հեղափոխական գվարդիայի ֆինանսական հաշիվների վրա: Սպառնալիք Վաշինգտոնից, որն անտեսվում է Գվարդիայի ղեկավարության կողմից՝ Թեհրանում:

XS
SM
MD
LG