Երեսուն տարի առաջ Հնդկաստանն իրականացրեց միջուկային առաջին փորձարկումը, ինչի պատճառով ԱՄՆ-ը դադարեցրեց այս երկրի հետ միջուկային համագործակցությունը: Սակայն Միացյալ Նահանգները որոշել է Հնդկաստանին տրամադրել միջուկային տեխնոլոգիա եւ վառելանյութ, չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը չի հրաժարվել փորձարկումներից ու չի ստորագրել Միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագիրը:
«Բուշին վստահեցրել են, որ Հնդկաստանը կօգնի ԱՄՆ-ին հավասարակշռել արագ զարգացող Չինաստանին», ասում է Քլինթընի վարչակազմի պաշտոնյա Գարի Սամորը։
ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Նիքոլաս Բըրնսը ակնարկում է այս հարցում նաեւ Հնդկաստանի ու Իրանի միջեւ համագործակցությունը.
«Խորհուրդ ենք տալու Հնդկաստանին հրաժարվել Իրանի հետ ռազմական համագործակցությունից, սակայն չեմ կարող ասել, որ այդ երկու երկրների միջեւ համագործակցությունը խորանում է»։
Միջուկային զենքերը չտարածելու քաղաքականության կրթական կենտրոնի տնօրեն Հենրի Սոկոլսկին գտնում է, որ խոչընդոտը իրանահնդկական հարաբերություններն են.
«Կարծում եմ ԱՄՆ-ը կհաստատի գործարքը, եթե Հնդկաստանը դադարեցնի ռազմական կապերն Իրանի հետ»:
Գործարքը պետք է հաստատվի նաեւ միջուկային տեխնոլոգիաների առեւտուրը վերահսկող Միջուկային մատակարարումների կազմակերպության կողմից:
«Չինաստանը նույնպես ցանկանում է լավ հարաբերություններ Հնդկաստանի հետ, այդ պատճառով կարծում եմ, որ Միջուկային մատակարարումների կազմակերպությունում այն դեմ չի կանգնի հնդամերիկյան գործարքին», ասում է Քլինթընի վարչակազմի պաշտոնյա Գարի Սամորը։
Նրա խոսքերով, Պեկինը գուցե փորձի դրա դիմաց ԱՄՆ-ից կորզել զիջումներ: