Անվտանգության ուժերում բարենորոգումներ իրականացնելու նպատակով, Միացյալ Նահանգները պաղեստինյան իշխանությանը կտրամադրի ութսուն միլիոն դոլար:
Այս հարցով Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի հետ համաձայնագիր ստորագրեց ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսը:
Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբբասի հետ անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ Ռայսը ասաց, թե հատկացվող գումարը կօգնի պաղեստինյան կառավարությանը ապահովել անվտանգություն եւ հաստատել կարգ ու կանոն:
«Այս օգնությունը մաս կկազմի պաղեստինյան անվտանգության ուժերը արհեստավարժ մակարդակի հասցնելու միջազգային ջանրքերում», ասաց արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը, ավելացնելով, որ «աշխատող կառավարության համար կարեւոր հիմք են կարգն ու կանոնը եւ անվտգանգությունը»:
Անվտանգության օգնության փաթեթի համաձայն, պաղեստինյան անվտանգության բնագավառի զարգացմանը զարկ է տրվելու նաեւ մարզումների միջոցով: Իշխանություններին այն տալու է ահաբեկչության դեմ պայքարելու, կողմերի միջեւ վստահություն սերմանելու եւ պաղեստինցիների ու իսրայելցիների անվտանգության կարիքները հոգալու հնարավորություն:
Հունիս ամսին Համասը զինված ապստամբություն սկսեց ընդդեմ պաղեստինյան իշխանության ու իր վերահսկողությունը հաստատեց Գազայի գոտում, ինչը նախագահ Աբբասի խոսքերով, «զինված հեղաշրջում էր ընդդեմ օրինականության»:
Աբբասի կառավարությունն ամրապնդելու նպատակով, ԱՄՆ-ը հատկացնում է նաեւ այլ օգնություն, այդ թվում հարյուր իննսուն միլիոն դոլարի մարդասիրական օժանդակություն:
Մերձավոր Արեւելքի ներդրումների նախաձեռնությունը մի նոր համագործակցություն է պաղեստինյան իշխանությունների ներդրումների հիմնադրամի, ԱՄՆ-ի կառավարության Մասնավոր ներդրումների ընկերության եւ ոչ շահութաբեր «Ասպին» հաստատության միջեւ:
Այն ավելի քան երկու հարյուր միլիոն դոլարի վարկեր կհատկացնի գործարարություն սկսելու եւ իրենց ձեռնարկություններն ընդլայնելու նպատակ ունեցող պաղեստինցիներին:
Պաղեստինյան տնտեսությանը զարկ տալու եւ անվտանգությունն ապահովելու փաստերը կարող են նվազեցնել Համասի պես խմբերի նկատմամբ աջակցությունը:
«Այսօր, հաշվի առնելով երկու ժողովուրդների խաղաղ ու ազատ ապրելու կարեւորությունը, Ամերիկայի ժողովուրդը», ասաց արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը, «ցանկանում է լինել պաղեստինցիների լավ ու նվիրյալ գործընկերը»: