Մատչելի հղումներ

Չինաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները ընդլայնվում են


Օգոստոսի իննին Ռուսաստանի տարածքում զորախաղեր կսկսեն Շանհայի համագործակցություն կազմակերպության անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Զորախաղերում գլխավոր ուժերը կներկայացնեն Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց միջեւ գործում են նաեւ մշակութային ու տնտեսական ամուր կապեր:

2007 թվականը Ռուսաստանում հայտարարված է Չինաստանի տարի: 2006-ը Ռուսաստանի տարի էր Չինաստանում: Իսկ երկու երկրների միջեւ հարաբերություններն ունեն 400 տարվա պատմություն, սկսած այն ժամանակներից, երբ բոլոր օտարներին Չինաստանում համարում էին բարբարոսներ ու առեւտուր անում միայն սահմանի վրա: Այսօր սակայն առեւտրին այստեղ չափազանց մեծ դեր է տրվում:

«Մենք պիտի արագացնենք էներգետիկայի, նավթի ու գազի պաշարների շահագործման ու անտառտնտեսության բնագավառներում համագործակցությունը», ասում է Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն։

Չինաստանը Ռուսաստանից հիմնականում ներկրում է անմշակ նյութեր՝ նավթ ու անտառայնութ, արտահանում լայն սպառման ապրանքներ: Անցած տասը տարիների ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը յոթից հասել է 40 միլիարդ դոլարի: Ռուսաստանից դեպի Չինաստան նավթատար խողովակաշարի կառուցումով այդ ծավալներն ավելի կընդլայնվեն:

«Չինաստանում կառուցում ենք միջուկային էլեկտրակայան, տրամադրում տուրբիններ: Համագործակցում ենք տիեզերքի հետազոտության բնագավառում», ասում է Ռուսաստանի արեւելյան երկրների ուսումնասիրության հաստատություն Վլադիմիր Մյասնիկովը:

Չինաստանը նաեւ դարձել է ռուսական արտադրության զենքի ամենամեծ գնորդը: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել ռազմական կապերը Չինաստանի հետ: Դա, ինչպես երկու տարի առաջ, շարունակ հերքում են ռուս եւ չին պաշտոնատար անձինք:

«Այս զորավարժություններն անց են կացվում ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում եւ ուղղված չեն ընդդեմ որեւէ երրորդ կողմի եւ չեն բխում որեւէ երրորդ երկրի շահերից», ասում է Գեներալ Չինաստանի բանակի հրամանատարական անձնակազմի ղեկավար Լիանգ Գուանլին։

Երկու երկրները այս շաբաթ նորից սկսում են զորավարժություններ Շանհայի համագործակցություն կազմակերպության վեց անդամ պետությունների մասնակցությամբ: Իսկ օգոստոսի 16-ին կսկսվի կազմակպերության գագաթաժողովը:

XS
SM
MD
LG