Մատչելի հղումներ

Նախագահներ Բուշն ու Քարզայը քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարի հարցը


ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Ջորջ Բուշը եւ Համիդ Քարզայը նորից շեշտեցին ահաբեկչության դեմ պայքրելու իրենց պատրաստակամությունը՝ երկուշաբթի օրն այս մասին հայտարարելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Քեմփ Դեյվիդի բանակցություններից հետո երկու ղեկավարները գոհունակություն արտահայտեցին Աֆղանստանում Թալիբանի իշխանությունը տապալելուց հետո վեց տարիների ընթացքում գրանցված հաջողությունների համար: Բուշի խոսքերով, երկու երկրների ուժերը ծայրահեղականների դեմ պայքարը շարունակում են միասնաբար.

«Կառավարությունը պայքարում է, պայքարում է նաեւ բանակը: Ուժեղանում են Աֆղանստանի անվտանգության ուժերը: Իր երկիրն է այսօր պաշտպանում աֆղան 110 hազար զինվորական, ու նրանց թիվը շարունակում է աճել»:

Բուշը հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե արդյոք ինքը, առանց նախապես նախագահ Փերվեզ Մուշարաֆի թույլտվությունը ստանալու, ահաբեկչության դեմ պայքարը կարող է տարածել Պակիստանում: Բուշի վարչակազմը գեներալ Մուշարաֆին պարբերաբար անվանում է ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից: Սակայն ԱՄՆ-ի մեծաթիվ օրենսդիրներ են այսօր քննադատում Պակիստանին այն տեղեկությունների համար, որոնց համաձայն, այստեղ ապաստան են գտել ալ-Քայիդայի եւ Թալիբանի ուժերը: Նախագահ Քարզայն գտնում է, որ Թալիբանի ու ալ-Քայիդայի դեմ պայքարն իր երկրում դեռեւս երկար ժամանակ կպահանջի.

«Մեր թշնամին դեռեւս կա, պարտված, սակայն՝ թաքնված լեռներում: Մեր գործն է նրանց այնտեղից հանելը ու Աֆղանստանի, Ամերիկայի եւ ահաբեկչության սպառնալիքի տակ հայտնված աշխարհի ժողովուրդների դատի առջեւ կանգնեցնելը»:

Երկու ղեկավարները Աֆղանստանում Իրանի դերի նկատմամբ արտահայտեցին իրարից տարբերվող կարծիք: Մինչեւ բանակցությունները, Քարզայն ասել էր, թե Իրանն ավելի օգտակար դեր ունի, քան՝ խանգարիչ: Բուշը սակայն լուրջ մտահոգություններ ունի Քարզայի երկրի վրա Իրանի ազդեցության հարցում.

«Նախագահ Քարզայն ավելի լավ գիտե, թե ինչ է տեղի ունենում իր երկրում, եւ ես ուզում եմ լսել նրան: Իրանի կառավարությունը պիտի կարողանա ապացուցել, որ այն ստանձնում է դրական դեր այստեղ: Սակայն Իրանի ներկա ղեկավարությունը մեծ հիասթափություն է այդ երկրի ժողովրդի համար»:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը հաճախ են ենթարկվում քննադատության Աֆղանստանում քաղաքացիական մի քանի հարյուր զոհերի համար: Բուշը Քարզային հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի ուժերը աշխատում են նվազագույնի հասնցնել այդ թիվը: Երկու ղեկավարները նաեւ քննարկել են կակաչի մշակման դեմ պայքար մղելու հարցը: Քարզայն ասել է, թե ամեն ինչ անում են ափիոնի առեւտուրը վերացնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG