Իրաքում ԱՄՆ-ի հատուկ տեսուչն ասում է, որ Իրաքի կառավարությունը չի կարող շահագործել ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կառուցված մեծաթիվ կառույցներ, քանի որ հատկացված միլիարդավոր դոլարները ճիշտ չօգտագործելու պատճառով, դրանց մի մասը քանդվում է, մյուսը՝ գտնվում շատ վատ վիճակում: Բաղդատի մոտ գնտվող Դորայի էլեկտրակայանը կառուցելու համար ԱՄՆ-ը ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Շահագործման դեպքում, այն յոթ տոկոսով կավելացներ Իրաքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ծավալը:
«Այս տարվա մեծ մասն այն չի գործել: Երկու ագրեգատի կառուցման համար ծախսվել է 90 միլիոն դոլար, սակայն աշխատել սկսել է միայն մեկը, այն էլ 2004 թվականին: Իրաքցիներին հանձնելուց հետո, այն այրվել է», ասում է Իրաքում Գլխավոր տեսուչ Ստյուարդ Բաուենը։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի բանակի ճարտարագիտական ստորաբաժանումը հետ է վերցրել կայանը, ապահովել ագրեգատներից մեկի աշխատանքը: Իրաքը վերակառուցելու համար հատկացված 44 միլիարդ դոլարի մեծ մասի ծախսն ապահովում է բանակային ճարտարագիտական ստորաբաժանումը: Հրամանատարի կարծիքով, իրաքցիներին հարկավոր է սովորեցնել դրանք շահագործելու ձեւերը, իսկ ծախսերի տնօրինումը հանձնել այդ երկրի կառավարությանը:
«Հարկավոր է դրանք հանձնել մարդկանց, ովքեր կարող են գործի դնել ու ապահովել դրանց անխափան աշխատանքը», ասում է Գեներալ լեյտենանտ Ռոբերտ Անթվերփը։
Բանակը տարածել է նոր մի ենթաէլեկտրակայանի, առողջարանային կենտրոնի, ջրի զտման գործարանի նկարներ, որոնց շինարարությունն ավարտվել է այս տարի: Սակայն դրանցից ոչ մեկը չի հանձնվել Իրաքի կառավարությանը: Կառավարությանն է հանձնվել ԱՄՆ-ի կողմից կառուցված 2700 կառույցների մի չնչին մասը միայն:
«Անցյալ տարվա ապրիլից մինչեւ հունիս տասնյակ միլիոնավոր դոլարների համարժեք հարյուրավոր կառույցներ էին փոխանցվել: Սակայն հուլիսին Իրաքի ֆինանսների նախարարությունը հրաժարվեց այս ծրագրից», ասում է Իրաքում գլխավոր տեսուչ Ստյուարդ Բաուենը։
Բաուենը ԱՄՆ-ի Կոնգրեսում ասաց, թե որոշ նախարարություններ չեն կարողացել ծախսել անցյալ տարի հատկացված բյուջեն: Ամենավատ ցուցանիշը ցույց է տվել նավթի բնագավառը, որը ծախսել է իրեն հատկացված ֆինանսների միայն երկու տոկոսը:
«Իսկ այս բնագավառը ճիշտ ղեկավարելու ու արդյունավետ կերպով գործի մեջ դնելու դեպքում, կապահովվեր առաջընթացի մեծ ներուժ», ասում է Իրաքում գլխավոր տեսուչ Ստյուարդ Բաուենը։
Գլխավոր տեսուչի խոսքերով, ԱՄՆ-ի դեսպանը գտնում է, որ հարկավոր է ստորագրել ԱՄՆ-ի արդեն ավարտված կառույցները Իրաքի կառավարությանը հանձնելու մասին պայմանագիր: