Մատչելի հղումներ

Քոնդոլիզա Ռայսը  Դարֆուրի մասին


Միացյալ Նահանգները ջերմորեն աջակցում է Սուդանի Դարֆուրի շրջանում մարդկային տառապանքներին վերջ տալու ջանքերը: Անցած չորս տարիների ընթացքում Սուդանի կառավարության հովանավորությամբ գործող զինված խմբերի իրականացրած հարձակումներին այստեղ զոհ է գնացել ավելի քան 200 հազար մարդ, մոտ երկու միլիոն յոթ հարյուր հազար այլոք ստիպված են եղել լքել իրենց տներն ու հաստատվել Սուդանի ու Չադի փախստականների ճամբարներում, որտեղ զոհ են գնում սովին ու հիվանդություններին:

2005 թվականից ի վեր ԱՄՆ-ը Դարֆուր է առաքել ավելի քան երկու միլիարդ դոլարի համարժեք մարդասիրական օգնություն: Դարֆուրի բնակչության դեմ շարունակվող ցեղասպանության պատճառով վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը խստացրել է նախագահ Օմար ալ-Բաշիրի կառավարության դեմ գործող պատժամիջոցները: Խարթումի կառավարության աջակցությամբ ավազակային զինված խմբավորումները՝ ջանջավիդները Դարֆուրի հողագործ ազգաբնակչությանը ենթարկում են ջարդերի, տեղահանելով ու ոչնչացնելով ամբողջ համայնքներ:

Դարֆուրի հարցով Փարիզում սկսված համաժողովի ժամանակ արտասանած իր ելույթում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսը հորդորեց մյուս երկրներին օգնել դադարեցնել արեւմտյան Սուդանում շարունակվող բռնությունները: Նրա խոսքերով, աշխարհը դեռեւս չի արել անհրաժեշտ ամեն բան.

«Հարկավոր է, որ մենք համախմբենք մեր ուժերը ՄԱԿ-ում եւ միանանք այնտեղ արդեն իսկ գտնվող Աֆրիկյան Միության ուժերին: Պետք է ասեմ, որ միջազգային համայնքն այս ուղղությամբ լավ չի կատարում իր պարտականությունները»:

Միացյալ Նահանգները սպասում է, որ Խարթումը հարգի կնքված պայմանագիրը եւ ի վերջո թույլ տա այստեղ ՄԱԿ-ի ուժերի տեղակայում, ի հավելումն Աֆրիկյան Միության յոթ հազարանոց ուժերի: Ռայսը նաեւ ասաց, թե Միացյալ Նահանգները կշարունակի նոր պատժամիջոցներ ընդդեմ Սուդանի, քանի դեռ այս երկրի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները.

«Մենք այլեւս չենք կարող հանդուրժել մի իրադրություն, երբ կնքվում են համաձայնագրեր ու ոտնահարվում դրանք: Մենք շարունակելու ենք պնդել, որ այս իրադրությունը ունենալու է իր հետեւանքները Սուդանի համար, եթե այն շարունակի անտեսել իր պարտավորությունները»:

Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե իրադրությունը Դարֆուրում ցույց է տալիս, որ «չարիքը դեռեւս չի դարձել պատմության անցած էջ, այլ մնացել է որպես դառն իրականություն.

«Չարիքն է, որ այսօր տեսնում ենք Սուդանում: Մենք հետ չենք կանգնելու դրա դեմ պայքարից»:

XS
SM
MD
LG