Մատչելի հղումներ

Թուրքիայում հնարավոր են քաղաքական նոր հակասություններ


Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցությունը, չնայած ընտրություններում տարած հաղթանակին, չհավաքեց երկրի նախագահին, առանց ընդդիմության աջակցության, ընտրելու համար ձայների անհրաժեշտ երկու երրորդը: Ինչը նշանակում է, որ եկող շաբաթներին հնարավոր են քաղաքական նոր հակասություններ այստեղ:

Բոսֆորի նեղուցով հեշտությամբ կարելի է անցնել Եւրոպայից դեպի Ասիա եւ՝ հակառակը: Իսկ քաղաքական անցումները հաճախ այսքան հեշտ չեն լինում: Ընտրություններն այստեղ անցան առանց մեծ բարդությունների, սակայն ընդգծեցին կրոնականի ու աշխարհիկի, ավանդականի ու ժամանակակից կյանքի միջեւ հակասությունները:

«Չեմ կարծում, թե իրապես մեծ ջրբաժան կա Թուրքիայի հասարակության մեջ, սակայն կարծում եմ, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը սպառնալիք է աշխարհիկ կարգերին», ասում է քաղաքական վերլուծաբան Իդիլ Ուզելը:

Ուզելի նման, շատերն են իրենց համարում կրոնը պետությունից բաժանած Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետեւորդներ.

«Այս երկրի հիմնադիրը Աթաթուրքն է: Եւ, տեսնելով նրա լուսավորության ժամանակաշրջանի պտուղները, ցանկանում ենք գնալ քեմալական ուղով: Չենք ուզում, որ որեւէ մեկը մեզ ասի, թե մենք հագնվել ենք մահմեդական կանոններին հակառակ ու պիտի մեզ պատժեն դրա համար»: Քաղաքական մեկնաբան Մուսթաֆա Աքյոլի կարծիքով, կրոնին ավելի մեծ դեր հատկացնելով, Աթաթուրքի սկզբունքները չեն ոտնահարվի.

«Աթաթուրքը մեծ ղեկավար էր: Սակայն այսօր ապրում ենք այն ժամանակներում, երբ ազատությունները, բազմակարծությունն ու ժողովրդավարությունը դարձել են մեծ արժեքներ»: Աթաթուրքն այստեղ դարձել է պաշտամունք: Որեւէ մեկը նրա դեմ չի խոսում հրապարակայնորեն: Չնայած Թուրքիան մահմեդական պետության չվերածելու Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարների խոստումներին, քաղաքական խորը տարբերությունները կարող են վեր ելնել եկող շաբաթների ընթացքում: Դա նախ կարտահայտվի նախագահի ընտրության ժամանակ:

«Եթե խորհրդարանական վերնախավը չկարողանա համագործակցել առաջնային այս հարցում, ստիպված կլինեն անցկացնել նոր ընտրություններ», ասում է քաղաքական մեկնաբան Ալի Չարքօղլուն:

Արդարություն կուսակցությունը չկարողացավ հավաքել միայնակ կերպով նախագահին ընտրելու համար ձայների երկու երրորդը: Ուրեմն այն ստիպված է համագործակցել այլ կուսակցությունների հետ ու գնալ փոխզիջումների:

XS
SM
MD
LG