Մատչելի հղումներ

Վարչապետ Էրդողանը խոստանում է պաշտպանել աշխարհիկ սկզբունքները


Թուրքիայի վարչապետ Ռեչեպ Էրդողանը խոստանում է պաշտպանել ժամանակակից Թուրքիայի աշխարհիկ ավանդույթները եւ Եւրոպական Միություն մուտք գործելու համար՝ շարունակել տնտեսական բարեփոխությունները: Այս մասին նա հայտարարեց ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո:

Իր աջակիցների հետ Էրդողանի հանդիպումը տեղի ունեցավ ընտրություններից հետո, Անկարայում, երկուշաբթի օրը: Նա ասաց, թե ժողովրդավարությունը եւ Թուրքիան «ավելի հզոր տեսք ունեն ընտրություններից հետո» եւ խոստացավ մեծ վճռականությամբ շարունակել տնտեսության զարգացման եւ քաղաքական բարեփոխությունների գործընթացը:

Կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը ստացավ ձայների 47 տոկոսը՝ 550 տեղանոց խորհրդարանում ապահովելով առնվազն 340 աթոռ: Ընդդիմադիր աշխարհիկ Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապահովեց 112, ծայրահեղ աջ ազգայնականները՝ 70 տեղ:

Էրդողանը անդրադարձավ իր՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության նկատմամբ ընդդիմության մտահոգություններին՝ խոստանալով «ժողովրդավարական, աշխարհիկ հանրապետությունը տանել դեպի ավելի բարձր մակարդակներ»:

Երկրի հաջորդ նախագահին ընտրելու մասին օրենքի շուրջ առաջ եկած ճգնաժամի պատճառով վարչապետն այս ընտրությունները հրավիրել էր ժամկետից չորս ամիս առաջ:

Էրդողանը երկրի արտգործնախարարի պաշտոնում նշանակեց Աբդուլլահ Գյուլին, ինչը զայրացնում է նրանց, ովքեր հիշում են Գյուլի մահմեդական անցյալը եւ նրա կնոջ կողմից մահմեդական գլխաշոր կրելու փաստը: Այս նշանակման դեմ բողոքելու համար միլիոնավոր մարդիկ դուրս ելան ցույցի:

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարք Փարրիսի խոսքերով, Էրդողանի կուսակցության նկատմամբ մեծ աջակցությունը կարող է Թուրքիան ավելի ընդունելի դարձնել եւրոպական պետությունների համար.

«Շատ բան կախված է նաեւ պարոն Էրողանից, թե ինչպիսի դիրք կգրավի եւրոպական երկրների ղեկավարների նոր սերունդը հանձինս Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ Գերմանիայի կանցլեր Մերքելի»:

Այս ղեվավարների հետ հարաբերությունների բարելավումը վճռական դեր կարող է ունենալ Եւրոպական Միությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերում:

Անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցություններ էին սկսվել 2005 թվականին, որոնք ընդհատվել էին, երբ Թուրքիան Միության անդամ Կիպրոսին զրկեց իր նավահանգիստներից եւ օդանավակայններից օգտվելու հնարավորությունից: Հունիս ամսին Եւրոպական Միությունը համաձայնվեց վերսկսել սահմանափակ բանակցություններ:

XS
SM
MD
LG