Մատչելի հղումներ

Մահացել է նախկին նախագահ Լինդոն Ջոնսընի այրին


Չորեքշաբթի օրը մահացավ ԱՄՆ-ի նախկին նախագահ Լինդոն Ջոնսընի 94 ամյա այրին՝ Լեդի Բըրդ Ջոնսընը, որը հայտնի է մայրուղիները եւ երկրի մայրաքաղաքը բարեկարգելու գործում խաղացած դերի համար: Նա հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ: Լեդի Բըրդ Ջոնսընին հիշում են Ամերիկան ավելի գեղեցիկ վայր դարձնելու նրա հարատեւ ջանքերի եւ քաղաքական գործունեության ընթացքում ամուսնու նկատմամբ ջերմ աջակցության համար:

Ծնվել էր 1912 թվականին Քլաուդիա Ալթա Թեյլըր անվամբ եւ Լեդի Բըրդ, մականունը ստացել դեռեւս մանկուց: Այդպես էր նրան անվանել իր խնամողներից մեկը: Հողագործի դուստր Լեդի Բըրդն ավարտել է Տեխասի համալսարանի լրագրողության ու արվեստի բաժինները եւ նույն տարի ծանոթացել ապագա ամուսնու հետ: Տիկին Ջոնսընի պատիվը ամերիկացիների մոտ բարձրացավ, երբ նա համոզեց ամուսնուն աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար վաղ մանկության զարգացման ծրագիրը ու երբ միասին սկսեցին տանել աղքատությունը վերացնելու արշավ:

Նա ամուսնու հետ նույն ավտոշարասյունի մեջ էր, երբ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում սպանվեց նախագահ Ջոն Քենեդին: Իսկ դրանից անմիջապես հետո, երբ ամուսինը պիտի տար նախագահական երդում, Լեդի Բըրդը նորից նրա կողքին էր՝ նախագահական օդանավի մեջ.

«Ինձ թվում էր, թե բարձրանում էի բեմ ու պիտի խաղայի դեր, որի փորձը երբեք չէի արել ու բառերը չգիտեի»:

Այն տարիներին, երբ նախագահ Ջոնսընը պատերազմում էր ընդդեմ Վիետնամի, իսկ երկրի ներսում շարունակվում էր անհանգստությունների ալիքը, տիկին Ջոնսընը մղում էր Ամերիկան գեղեցկացնելու արշավ:

XS
SM
MD
LG