ՄԱԿ-ը հրապարակել է մի զեկույց, ըստ որի աշխարհի պատմության մեջ ներկայումս տեղի է ունենում քաղաքային բնակչության աննախադեպ աճ: Ըստ ՄԱկ-ի զեկույցի, մինչեւ 2008 թվականը երկրագնդի բնակչության կեսից ավելին կբնակվի քաղաքներում:
Մինչեւ 2030 թվականը քաղաքային բնակչության թիվը կհասնի վեց միլիարդի, այսինքն՝ ամբողջ բնակչության 60 տոկոսը: Նոր զարգացող երկրներում բնակչության 90 տոկոսը բնակվում է քաղաքային լքված հատվածներում: ՄԱկ-ի ազգաբնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Թորայա Օբաիդն ասում է.
«Քաղաքական գործիչները պետք է գտնեն այս հատվածները բարեկարգելու ուղիներ»:
Ազգաբնակչության հաստատության նախագահ Լորենս Սմիթն ասում է, թե խնդիրն այն է, որ շատ երկրներում չկան աշխատանքային հմտություններ տվող ծրագրեր, ինչից մեծապես տուժում է երիտասարդությունը.
«Եթե ապահովվեն գործարարության համար լավ պայմաններ, ապահովվեն աշխատատեղեր եւ լինեն աշխատանքային մարզումների ծրագրեր, մարդիկ կազատվեն նաեւ բնակարանային խնդիրներից»:
Մյուս մեծ խնդիրներն են առողջապահությունն ու կանանց կրթությունը, ասում է Լորենս Սմիթը.
«Որքան տղամարդը վստահ լինի, որ երեխան ու կինը ունեն անհրհաժեշտ խնամք, այնքան մեծ կլինի հաջողությունը եւ՝ այնքան գեղեցիկ ընտանիքի պատկերը»:
ՄԱԿ-ի զեկույցը կոչ է անում քաղաքային ղեկավարներին կազմել արագ աճող բնակչության պահանջները բավարարելու շտապ ծրագրեր, անցկացնել միջոցառումներ, որոնք ապաստարաններ ու սնունդ ապահովեն աղքատներին, միաժամանակ հոգալով քաղաքի նախկին բնակիչների կարիքները: