Մատչելի հղումներ

Բոյինգ ընկերությունը կներկայացնի մարդատար մի նոր օդանավ


Հուլիսի 8-ին «Բոյինգ» ընկերությունը, 13 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ կներկայացնի մարդատար մի նոր օդանավ՝ «787 Դրիմլայները», որն արդեն ունի 600 պատվեր եւ ընկերության մասնագետների խոսքերով, կփոխի օդային ուղեւորության ձեւը: Ի տարբերություն նախկին հսկա մարդատարների, ինչպես օրինակ 550 տեղանոց «Ա-380 Աերոբուս»-ի, «787»-ը ավելի փոքր է:

«Դրիմլայներ»-ը նախատեսված է 330 ուղեւորի, նաեւ փոքր օդանավակայանների համար: Կառուցված լինելով մի քանի, հիմնականում պլաստիկ նյութերի համաձուլվածքից՝ այն շատ ավելի թեթեւ է: «Բոյինգ» ընկերության աշխատակից Ռենդի Թինսեթի խոսքերով, «787 Դրիմլայներ»-ը ունի այն, ինչ ուզում են ուղեւորները եւ օդանավն արտադրողները.

«Այսօրվա օդանավերի համեմատ, վառելանյութի հարցում այն ունի 20 տոկոսի արդյունավետություն, շահութաբերության բարձրացման համար՝ նշանակելիորեն ցածր գներ: Ուղեւորներին առաջարկում ենք նորություններ՝ լայն պատուհաններ ու միջանցք, մեծ նստարաններ, գլխավերեւում ավելի մեծ պահարաններ, ավելի լավ լուսավորություն: Մտածում ենք ավելի մաքուր օդի մասին»:

«Aviation» շաբաթաթերթի լրագրող Գայ Նորրիսը, որը հոդվածներ է գրում «Բոյինգ»-ի մասին, ասում է, թե այս օդանավի մասին ծրագրեր սկսվեցին 10 ամիս առաջ, երբ ընկերությունը կրում էր ֆինանսական կորուստներ եւ տեղի էին ունենում արտադրանքի ուշացումներ: Այժմ այս օդանավի արտադրանքի 70 տոկոսը թողարկում են 50 տարբեր ընկերություններ:

«21-րդ դարի բարձր տեխնոլոգիական այս օդանավը կարտադրվի մի համակարգով, որը կթողարկի ռեկորդային թվով օդանավեր՝ ռեկորդային շահույթով» ասում է «Aviation» շաբաթաթերթի լրագրող Գայ Նորրիսը։ «Բոյինգ»-ի գլխավոր մրցակից «Աերոբուս»-ը այսպիսով հայտնվում է դժվար կացության առջեւ, սակայն այն նույնպես ծուլության չի մատնվել ու մշակում է օդանավերի նոր սերունդ: Ինչպես այս ընկերության աշխատակից Բարբարա Քրախթն է ասում, այս ճյուղը, որը տարեկան տալիս է 4.8 տոկոսի աճ, շուկայում ապահովում է ե՛ւ մեկ ե՛ւ մյուս ընկերության արտադրանքի համար լայն շուկաներ.

«Բոյինգ 787»-ը հիանալի օդանավ է, սակայն մենք էլ մյուս տասնամյակում ունենք նոր առաջարկներ: Գնորդները սիրում են բոլորի շահերից բխող նման մրցակցություն»:

Չնայած «787 Դրիմլայներ»-ի առեւտուրն աշխույժ է ու ապագան՝ խոստումնալից, մտահոգությունները վերջ չունեն: Արտադրության չկանխատեսված ներկա հետաձգումները կարող են կրճատել շահույթը, երբ օդանավը դեռեւս օդ չի բարձրացել:

XS
SM
MD
LG