Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները տոնում է իր անկախության 231-րդ տարեդարձը


Ֆիլադելֆիան հաճախ անվանում են ԱՄՆ-ի ծննդավայր: 1776 թվականին Ամերիկայի 1Յ նահանգ իրենց անկախությունը հռչակեցին Բրիտանական կայսրությունից եւ Ֆիլադելֆիայի ժողովուրդը, ինչպես ամբողջ երկիրը, ամեն տարի հուլիսի 4-ին նշում է այդ օրը: Այս տարի լրանում է ԱՄՆ-ի անկախության 231-րդ տարեդարձը:

Ֆիլադելֆիայի զբոսաշրջիկների այցելության առաջին վայրը սովորաբար լինում է Անկախության պալատը: Սա այն տեղն է, որտեղ հիմնադիր հայրերը գրել են Անակախության հռչակագիրը: Բիլ Քոգլինը Ազգային զբոսայգու անտառապահն է.

«Մարդիկ գալիս են այստեղ, տեսնելու ԱՄՆ-ի ծննդավայրը: Ամեն ինչ սկսվում է այստեղից։ Մարդկանց նախ գրավում է այն հանգամանքը, որ մեր երկիրը հիմնել ենք գաղափարների, հավասարության եւ ազատության սկզբունքների վրա»:

Այս գաղափարներն ամրագրվել են ոչ միայն հռչակագրում, այլեւ ցայտուն կերպով երեւում են Անկախության պալատի ամեն անկյունում: Այցելուների հետ զրուցում են Ջորջ Վաշինգտոնի եւ Բեն Ֆրանկլինի դերերով հադես եկող դերասաններ՝ ստեղծելով անցյալի տպավորություն: Ազատության զանգը, ատաղծագործության սրահը, որտեղ դերձակուհի Բեցի Ռոսը կարել է ամերիկյան առաջին դրոշը, ամեն տարի Ֆիլադելֆիա են հրավիրում երեք միլիոն այցելուի:

Ազատության զանգը հնչել է 1776 թվականի հուլիսի 8-ին, ֆիլադելֆիայի ժողովրդին հրավիրելով լսել Անկախության հռչակագրի հրապարակային ընթերցումը: Պալատի աշտարակից այն իջեցվել է 1846 թվականին՝ բացված ճեղքվածքի պատճառով: Բիլ Քոուլին Ազգային զբոսայգու ծառայությունից ասում է.

«Այն շատ մեծ խորհրդանիշ է, անկախության սրբություն, որը պիտի դառնար նաեւ ազատության խորհրդանիշ ԱՄՆ-ում եւ շատ շուտով նման խորհրդանիշ՝ ամբողջ աշխարհի համար»:

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Ֆիլադելֆիա են այցելում հենց հուլիսի 4-ի տոնակատարություններին մասնակցելու համար:

XS
SM
MD
LG