Մատչելի հղումներ

Աճել է աշխարհի խոշորագույն պետությունների ղեկավարների հանդեպ թերահավատությունը


Համաշխարհային մակարդակով անցկացված մի հարցման համաձայն, մտահոգությունները շատ են Չինաստանի ու Ռուսաստանի հարցում: Իսկ ռազմական գործողությունների պատճառով, քննադատությունը կենտրոնանում է ԱՄՆ-ի վրա: Աշխարհի 46 պետություններում ու պաղեստինյան տարածքներում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ վստահության անկում:

Նկատելի է Իրաքից ամերիկյան ուժերը դուրս բերելու մեծ պահանջ եւ Աֆղանստանում իրականացվող գործողությունների նկատմամբ սուր քննադատություն: Հարցման ենթարկվածների մեծամասնությունը գտնում է, որ միջազգային հարցերում ԱՄՆ-ը հաշվի չի առնում մյուս երկրների պետական շահերը: Հարցումներն անց է կացրել Վաշինգտոնում գործող Փյու հետազոտական կենտրոնը:

«Հազվադեպ է պատահում, որ աշխարհում ժողովրդավարությանը զարկ տալու մասին հարցին ի պատասխան հարցման ենթարկվածները ԱՄՆ-ին համատարած կերպով դասեն երկրորդ կարգի մեջ», ասում է Փյու հետազոտական կենտրոնի նախագահ Էնդրու Քոհըթը։

ԱՄՆ-ի վարկանիշը ցածր է մնում հատկապես Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի մահմեդական երկրներում: Թուրքիայում վարկանիշը իջել է 9, Պակիստանում՝ 15 տոկոսի: Գերմանիայում ԱՄՆ-ի նկատմամբ դրական կարծիք ունի մարդկանց մոտ 30 տոկոսը: Ցուցանիշները ցածր են նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում: Սակայն ահա աֆրիկյան 25 պետություններում ԱՄՆ-ի մասին մարդկանց կարծիքը հիմնականում դրական է:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախկին նախարար Մեդըլայն Օլբրայթն ասում է, թե շատերն են հավանություն տալիս ամերիկյան արժեքներին եւ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել համաշխարհային գործերում «պարտադիր» դերը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը չպետք է դիմի միակողմանի քայլերի եւ պետք է հաշվի առնի դատապարտող այն տեսակետը, որ Ամերիկան հարուստների ու աղքատների միջեւ մեծ անհավասարության երկիր է: Հարցման արդյունքները նաեւ ցույց են տալիս մեծ մտահոգություն Չինաստանի աճող տնտեսության ու ռազմական կարողությունների եւ Արեւմտյան Եւրոպայի վրա նավթի մատակարարումներով՝ Ռուսաստանի աճող ներգործության նկատմամբ: Անկում է ապրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների նկատմամբ վստահությունը:

«Աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի առջեւ ամենագլխավոր հարցերից մեկն այն է, թե ով է պատասխանատու քաոսի աշխարհում կարգ ու կանոն հաստատելու համար», ասում է ԱՄՆ-ի նախկին սենատոր Ջոն Դենֆորթը։

Ըստ հարցումների, աշխարհի 37 երկրներից 25-ում մարդիկ երկրագնդի ջերմության բարձրացումը համարում են լուրջ խնդիր: Նշված երկրներից 34-ում այդ խնդրի համար գլխավոր մեղավոր են համարում ԱՄՆ-ին:

XS
SM
MD
LG