Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում շարունակվում են ներգաղթի մասին օրենքում փոխզիջման տարբերակների քննարկումները


ԱՄՆ-ի Սենատում շարունակվում են ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու շուրջ փոխզիջման տարբերակների որոնման աշխատանքները: Իսկ բարեփոխությունների շուրջ հասարակական կարծիքը երկրում շարունակում է մնալ հակասական: Կալիֆորնիայում անցյալ ուրբաթ օրը սահմանապահները բեռնատար մի ավտոմեքենայի ներքեւի մասում հայտնաբերեցին ծպտված 70 անձանց, երեւույթ, որը նախագահ Բուշի խոսքերով, կվերանա, երբ ընդունվեն նոր օրենքներ: Այս մասին իր կարծիքը նա կրկնեց Էստոնիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ.

«Ես շարունակելու եմ Կոնգրեսում պնդել մուտքի վիզաների օրենքը փոխելու հարցը»:

Նախագահը հորդորում է Սենատին դիմել գործուն քայլերի: «Հարցն այն է, թե արդյոք երկու կուսակցությունների միջեւ կլինի 60 ձայնի տարբերություն», ասում է դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնստայնը։

Սենատորը նկատի ունի հունիսի 26-ին անցկացվելիք քվեարկությունը, երբ օրենքն ընդունելու համար պահանջվելու է ձայների երկու երրորդը: Ըստ առաջարկված տարբերակի, ամրապնդվելու են սահմանները եւ կազմվելու է ժամանակավոր աշխատանքի մասին ծրագիր: Նախատեսվում է նաեւ երկրում գտնվող 12 միլիոն անօրինական փախստականներին տալ օրինական կարգավիճակ ստանալու հնարավորություն: Այսպիսով, այս շաբաթ քվեարկության կդրվի օրենքի 20 փոփոխություն: Սակայն մեծաթիվ հանրապետականներ շարունակում են իրենց սուր ընդդիմությունը:

«Նման օրենքն իրեն չի արդարացնելու: Պատրաստվում ենք ներում շնորհել 12 միլիոն անձանց՝ առանց ապագայի համար իրավական համակարգ ստեղծելու հիմքերի», ասում է հանրապետական սենատոր Ջեֆ Սեշընը։

«Նախագահը հավատացած է, որ այս օրենքն անհրաժեշտ է երկրին՝ ավելի ապահով լինելու եւ բարգավաճելու համար», ասում է Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն։

Բարեփոխությունների պահանջով եւ դրա դեմ շաբաթ ու կիրակի օրերին նոր երթեր անցկացվեցին Լոս Անջելեսում ու մի շարք այլ քաղաքներում: Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսը Սպիտակ տանը անցկացված հանդիպման ժամանակ կոչ արեց մեղմել մուտքի վիզաների վրա դրված խստությունները.

«Մարդկանց համար շատ դժվար է հասկանալ, թե ինչու են այս երկիր այցելելու համար ամենամեծ դժվարությունները դրվում ԱՄՆ-ի աջակից երկրների քաղաքացիների առջեւ: Կարծում եմ, այս հարցի լուծումը Կոնգրեսի ձեռքերում է»:

Սենատը պիտի նաեւ ընդունի աշխատանքի ընդունման մասին նոր օրենք, որը, հաճախ հակադրվելով ներգաղթի ու անվտանգության մասին օրենքներին, տարաձայնություններ է առաջ բերում նույնիսկ կուսակցությունների ներսում:

XS
SM
MD
LG