Մատչելի հղումներ

Բանավեճ ածխածնի երկօքսիդի կրճատման հարցի շուրջ


Գիտնականները ուղիներ են որոնում երկրագնդի ջերմության բարձրացման գլխավոր պատճառը հանդիսացող ածխածնի երկօքսիդը կրճատելու համար: Առաջարկներից մեկը օվկիանոսներում պլանկտոնների թվի աճն արագացնելն է: Երկաթի փոշու օվկիանոսը տոննաներով թափելու հանգամանքը կարծես դեմ է բնության շահերին: Սակայն ամերիկյան Պլանկտոս ընկերության գիտնականներն ասում են, թե այս եղանակով իրենք ջանում են օվկիանոսներում մեծացնել պլանկտոնների թիվը եւ կրճատել ածխածնի երկօքսիդի ծավալները մթնոլորտում.

«Երկաթը դառնում է կատալիզատոր ֆոտոսինթեզի համար, որն էլ մեծացնում է պլանկտոնների թիվը: Իսկ դրա կարիքն օվկիանոսը շատ ունի»:

Հետազոտողներն ասում են, թե պլանկտոնները լավ չեն բազմանում, քանի որ օվկիանոսների ջրի մակերեւույթին քիչ է երկաթի փոշու պարունակությունը: Պլանկտոս ընկերության հետազոտողների խումբը որոշել է երկաթի փոշի լցնել Գալապագոսի կղզիների մոտակայքում եւ խաղաղօվկիանոսի մի շարք այլ վայրերում: Ծառերի նման, պլանկտոնները կլանում են ածխածնի երկօքսիդը ու այն փոխակերպում կենսական նյութերի, որոնք կարող են ջրի տակ մնալ դարեր շարունակ: Պլանկտոսի քննադատներն ասում են, որ շատ դժվար է ապացուցել, թե որքան ածխածնի երկօքսիդ կարելի է կլանել մթնոլորտից: Մայամիի համալսարանի ծովային քիմիայի բաժնի պրոֆեսոր Ֆրենք Միլերոն 90-ականներին մասնակցել է երկաթի պարարտացման հետազոտություններին.

«Խնդիրն այն է, որ եթե բույսի մեջ ածխածնի երկօքսիդը չի սուզվում խորը ջրեր ու օքսիդանում, ընդհանուր արդյունքը չի կարող լինել գոհացուցիչ»:

Միլերոն ասում է, թե Պլանկտոսը հույս ունի ստանալ ֆինանսավորում մեծ ընկերությունների կողմից եւ պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ: Նույն ընկերության մեկ այլ աշատակից գտնում է, որ ածխածինն այսպիսով հնարավորություններ է առաջ բերում բնության պահպանության համար.

“Մենք գոհ ենք, որ վարձատրվում ենք օվկիանոսի եւ երկրի մթնոլորտը վերականգնելու եղանակները հետազոտելու համար”ասում է, Մայքըլ Բեյլին։

Բնության պահպանության փորձագետները գուցե չընդունեն այս տարբերակը, սակայն նրանք բոլորն են ընդունում մթնոլորտից գազերը հետ բերելու կարեւորությունը:

XS
SM
MD
LG