Մոտավորապես չորս միլիոն մարդ է Իրաքում հեռացել իրենց տներից: Այս ընթացքն այժմ էլ շարունակվում է, իսկ այս խնդիրը չլուծելու պատճառով՝ ԱՄՆ-ը ենթարկվում քննադատության:
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում ու շրջակայքում բնակվող 500 հազար մահմեդականների նկատելի հատվածը Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո այստեղ ներգաղթած նախկին իրաքցիներ են: Նախկին լրագրող Ահմեդ Քարիմը, սակայն, եկել է մեկ տարի առաջ.
«Ինձ միշտ սպառնում էին ամերիկացիներին աջակցելու պատճառով: Իսկ երբ ենթարկվեցի հրազենային հարձակման, որոշեցի հեռանալ: Նրանք սպանեցին եղբորս»:
Քարիմը այն ոչ մեծ թվով իրաքցիներից է, որոնց թույլատրվել է մուտք գործել ԱՄՆ: 2006 թվականին միայն 202 իրաքցի էր ստացել այդ իրավունքը: Ամերիկա-մահմեդական հարաեբերությունների խորհրդի գործադիր տնօրեն Դաուդ Ուալիդի խոսքերով, սա խտրականություն է արաբների ու մահմեդականների նկատմամբ.
«Դրա պատճառը, մեր կարծիքով, սեպտեմբերի 11-ից հետո արաբներին որպես հրեշներ պիտակավորելն է»:
Իմամ Հուշամ Ալ-Հուսայնին ասում է, որ պետք է զգույշ լինել՝ Սադդամի համակիրներին ԱՄՆ թույլ չտալու համար:
Քարիմին հաջողվել է ստանալ ԱՄՆ-ում բնակության իրավունք: Սակայն չորս միլիոն այլոք ապրում են փախստականների ճամբարներում: ԱՄՆ-ի փախստականների ու ներգաղթյալների հանձնախմբի նախագահ Լավինիա Լայմընը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելին անի հատկապես նրանց օգնելու համար, ովքեր Իրաքում աջակցել են ամերիկյան ներկայությունը.
«ԱՄՆ-ի կառավարությունը այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում այն մարդկանց օգնելու կարեւորության վրա, ովքեր տուժել են՝ Իրաքում մեզ աջակցելով»:
Բուշի վարչակազմը որոշել է այս տարի փախստականների ծրագրերի համար հատկացնել հավելյալ 20 միլիոն դոլար եւ նկատելիորեն ավելի մեծ թվով իրաքցիների տալ ԱՄՆ մուտք գործելու իրավունք:
«Առաջարկություններ ենք սպասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովից ու ծրագրում մոտ ժամանակներս ընդունել 7000 իրաքցի», ասել է ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Փոլա Դոբրիանսկին։
Իսկ Լայմընի խոսքերով, ԱՄՆ-ը չի կատարում Իրաքում վտանգի ենթարկված անձանց ապաստան տալու իր պարտավորությունները՝ նպատակ ունենալով այդ երկրում պահել իրեն աջակից հնարավորին չափ ավելի մեծաթիվ անձանց: