Մատչելի հղումներ

Ամերիկյան առեւտուրն ու  օգնությունը նպաստում են ազատությանը


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսն ասում է, թե Ամերիկայի արտաքին քաղաքականությունն ուղղված է այն երկրների օղակը ընդլայնելուն, որոնց կառավարությունները ազատությունը պաշտպանում են օրենքի ուժով եւ իրենց գործողություններով պատասխանատվություն կրում միջազգային համակարգում:

«Ամերիկան չի կարող դա անել այլոց փոխարեն եւ չենք անելու: Դա նրանց ընտրության հարցն է եւ նախաձեռնությունը պիտի գա ներսից: Սակայն մենք կարող ենք օգնել ու պիտի օգնենք: Սա համագործակցություն է, ոչ թե՝ հոր պարտականություն: Մերօրյա աշխարհում մենք առաջնորդվում ենք ե՛ւ մեր շահերով, ե՛ւ գաղափարներով դեպի այն համոզմունքը, որ պետությունների միջեւ ազատությունն ու արդարությունը տանում են դեպի երկրների միջեւ խաղաղություն ու կայունություն: Ազատությունը վերացական սկզբունք չէ: Տնտեսապես աճելու համար այն պետություններին հաջողությամբ կազմակերպելու ամենագործնական ուղին է», ասել է Քոնդոլիսա Ռայսը:

Առեւտուրը, տիկին Ռայսի խոսքերով, աշխարհում ազատությունը տարածելու նպատակով ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր բաղադրիչն է.

«Առեւտուրը ոչ միայն տնտեսական աճի, այլ նաեւ քաղաքական փոխակերպման շարժիչ է: Համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման հանգամանքը օգնում է բացել փակ հասարակությունները: Այն օգնում է ժողովրդավարության ուղին բռնած երկրներին հույս ներշնչել իրենց ժողովուրդներին եւ կառավարությունների տեղն ապահովում միջազգային համակարգում: Այդ տեսանկյունից պիտի նայենք ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ դրված Պերուի, Պանամայի, Կոլումբիայի եւ Կորեայի հետ առեւտրական համաձայնագրերին: Ասիան շատ արագ է փոխվում: Լատինական Ամերիկայում բռնակալները ցանկանում են տարածաշրջանը հետ տանել դեպի ինքնակալություն: Իսկ մեր առեւտրական համաձայնագրերը թույլ կտան մեր դաշնակիցներին դառնալու իրենց տարածաշրջանների ու համաշխարհային կայունության ժողովրդավարական լծակներ»:

Մյուս գլխավոր բաղադրիչը, արտգործնախարար Ռայսի խոսքերով, նոր զարգացող երկրներին ցուցաբերվող օժանդակությունն է.

«Կոնգրեսի լիակատար համաձայնությամբ, նախագահ Բուշը կազմել է Մարշալի ծրագրից հետո միջազգային զարգացման ամենախոշորոմասշտաբ ծրագիրը: Անցած վեց տարիներին մենք գրեթե եռապատկել ենք օտար երկրներին, քառապատկել՝ աֆրիկյան երկրներին հատկացվող օժանդակության չափը՝ սննդամթերք տալով քաղցածին, դեղեր՝ հիվանդին եւ անկախ ազգությունից ու կրոնական պատկանելությունից, դասակարգից ու մշակույթից՝ դպրոցական կրթություն բոլոր տղաներին ու աղջիկներին»:

Աֆրիկյան երկրներին հատկացվող օգնությունը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ մալարիայի, երեսուն միլիարդ՝ աշխարհում իմունաքաղցի դեմ պայքարելու համար:

«Աշխարհում, որտեղ ամենամեծ խնդիրներն առաջ են գալիս երկրների ներսում, այլ ոչ՝ նրանց միջեւ, համաշխարհային զարգացումը ե՛ւ բարոյական իդեալ է ե՛ւ պետական շահ», - ասում է արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսը:

XS
SM
MD
LG