Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը Իրաքում  նոր հարձակումները վերագրել է ծայրահեղականներին


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը անսպասելի այց կատարեց Բաղդատ, հանդես գալով հաշտեցման կոչով, ինչի միայն շատ փոքր նշաններ կան այսօր: Չնայած ռմբային հարձակման արդյունքում փլուզվեցին Սամարրայում Ասքարիայի մզկիթի երկու մինարեթները, թշնամական պատասխան քայլերը չեղան այնքան սաստիկ, որքան 2006 թվականին շիաների սրբավայրի գմբեթի փլուզումից հետո: Այդ պատճառով ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Սամիր Սումայդային Կոնգրեսում հայտարարեց, որ նման հարձակումներով ալ-Ղայիդան այլեւս ի զորու չէ քաղաքացիական պատերազմ հրահրել.

«Նրանք ուզում են աշխարհին ասել, թե իրենք դեռեւս գոյություն ունեն եւ որ դեռեւս պայքարում են: Բարեբախտաբար Իրաքի ժողովուրդն ընդհանուր առմամբ չի գնում նրանց հետեւեից»:

Բայց փաստն այն է, որ Սամարրայի ռմբահարումից հետո հարձակման է ենթարկվել սուննի մահմեդականների 6 մզկիթ եւ այլ սրբավայրեր.

«Ծայրահեղականները կշարունակեն գործել, սակայն նրանք այլեւս չեն վայելում լայն ժողովրդականություն»:

Ամերիկյան 30 հազարանոց զորքերի եւ իրաքյան անվտանգության ուժերի կողմից շուրջկալները շարունակվում են, ու չնայած նոր բռնությունների մասին լուրերին, ամերիկյան ուժերի հրամանատար Դեյվիդ Փեթրիուսը գոհ է Սամարրայի ռմբահարումից հետո Իրաքի ղեկավարության իրագործած քայլերից.

«Անկեղծորեն կարծում եմ, որ հղկվում են ծայրահեղականության դեմ Իրաքի ղեկավարների միասնական գործողությունները»:

Սակայն Փեթրիուսն ու մյուս հրամնատարներն անցյալ շաբաթ քննադատության էին արժանացել Սենատի դեմոկրատների կողմից:

«Իրաքում նորից ամեն օր տեղի է ունենում մոտ հազար հարձակում: Եւ գեներալ Փեթրիուսի կամ մյուսների այն հայտարարությունները, թե գործերը լավ են ընթանում Բաղդատում, չեն համապատասխանում իրադրությանը, չնայած այն բանին, որ նա այնտեղ է, ես՝ոչ», ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդը։

Իսկ քանի դեռ շարունակվում է ամենօրյա արյունահեղությունը, Իրաքի դեսպանը ԱՄՆ-ի կառավարությանն է դիմում Իրաքի պատերազմում հաղթելու համար միասնության կոչով:

XS
SM
MD
LG