Միացյալ Նահանգների սահմանադրությունում նշված չէ, թե քաղաքական կուսակցությունները ինչպես պետք է առաջադրեն իրենց թեկնածուն նախագահական ընտրություններում։ Այդ գործընթացը Միացյալ նահանգներում ձեւավորվել եւ զարգացել է աստիճանաբար, տարիների ընթացքում։ Նախագահական նախնական ընտրություններ առաջին անգամ անց են կացվել Նյու Հեմփշայըր նահանգում:
«Նյու Հեմփշայըրը 1920 թվականին առաջինն էր, որ անցկացրեց նախնական ընտրություններ: Եւ մինչեւ դարի կեսը այն չէր համարվում կարեւոր իրադարձություն», ասել է Նյու Հեմփշայըրի պետական քարտուղար Ուիլյամ Գարդները։ Գարդների երկրորդ պաշտոնավարման ժամանակ՝ 1977-ին էր, երբ նախնական ընտրություններն այս նահանգում պաշտոնապես դարձան նման առաջին ընտրությունները ողջ երկրում.
«Այս ձեւը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ամերիկացի ինչ որ ժամանակ դառնա նախագահ, քանի որ այս դեպքում հաղթանակի հասնելու համար հարկավոր չէ լինել ամենաճանաչված անձնավորությունը»:
Ընտրական իր ավանդույթների պատճառով Նյու Հեմփշայըրը դարձել է նախագահական թեկնածուների ընտրարշավի գլխավոր իջեւանատունը:
Թեկնածուները լավ գիտեն, որ սա այն նահանգն է, որը կարող է կերտել կամ կործանել քաղաքական իրենց ապագան:
Սակայն նահանգի այս կարգավիճակը եկող տարվա ընտրություններում հայտնվել է վտանգի տակ: 2008 թվականին նախնական ընտրություններ է ծրագրում անցկացնել առնվազն 1Օ նահանգ, որոնց թիվը շուտով կարող է հասնել 25-ի:
Լեոն Փանեթան նախագահ Բիլ Քլինթընի ժամանակ եղել է նրա աշխատակազմի ղեկավարը: Նրա խոսքերով, նախնական ընտրությունները կօգնեն հաղթել ամենաշատ դրամ ունեցող թեկնածուին.
«Դա բխում է Հիլըրի Քլինթընի շահերից, սակայն Բարաք Օբամայի համար նույնպես հանգանակվում են մեծ գումարներ: Հանրապետականներից այն շատ հարմար է Միթ Ռոմնիի համար»:
Նյու Հեմփշայըրի նահանգային օրենքների համաձայն, նախնական ընտրություններն այստեղ պիտի անցկացվեն մյուս նահանգներից առնվազն մեկ շաբաթ առաջ, ինչը նշանակում է, որ ընտրություններն այստեղ կարող են սկսվել 2007-ի վերջին:
Չնայած այս տարվա ընտրական ավանդույթի սպասվող փոփոխություններին, քարոզարշավն այս նահանգում աշխույժ վիճակում է, նահանգ, որն ունի ընտրական իր ներքին հպարտությունը պահպանելու հույսեր ոչ միայն 2008-ի ընտրություններում, այլեւ՝ դրանից հետո: