Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը Աֆրիկյան նոր նախաձեռնության մասին


Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր քայլեր է իրականացնում նոր զարգացող երկրներում, մասնավորապես՝ Աֆրիկայում տարածված հիվանդությունների դեմ պայքարելու, այդ երկրներում ներդրումներ կատարելու եւ կրթական համակարգը բարելավելու ուղղությամբ: 2003 թվականին ԱՄՆ-ը սկսեց իմունաքաղց հիվանդության դեմ պաքարի 15 միլիարդ դոլար արժողությամբ Արտակարգ իրադրության ծրագիրը, որի շրջանակներում Աֆրիկայում բուժում է ստացել այս հիվանդությամբ տառապող ու դրա հարուցիչով վարակված մեկ միլիոն մարդ:

Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե այս ծրագիրը լավ սկիզբ է, սակայն դեռեւս միայն՝ սկիզբ: Նա կոչ է արել երկրի Կոնգրեսին այս պայքարում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները վերահաստատելու համար նորից ուժի մեջ մտցնել Իմունաքաղցի դեմ պայքարի արտակարգ ծրագիրը եւ հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի համար հատկացնել հավելյալ 30 միլիարդ դոլար: Միացյալ Նահանգները սկսել է նաեւ նոր զարգացող երկրներում ազատ ու խոտումնալից հասարակություններ ստեղծելու մի քանի ծրագիր: Ինչպես նախագահ Բուշն է ասել, դրանցից մեկը Աֆրիկայի ֆինանսական բաժնի նախաձեռնություն ծրագիրն է, որը աֆրիկյան երկրներին հատկացնելու է ֆինանսական շուկան ամրապնդելու համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն.

«Այն խրախուսելու է միջազգային ֆինանսական համայնքին ստեղծել մասնավոր նոր ֆոնդեր՝ Աֆրիկայում մեկ միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու համար: Այսպես մենք կօգնենք, որ Աֆրիկայում գործարար անձինք կուտակեն անհրաժեշտ կապիտալ՝ իրենց ձեռնարկություններն ընդլայնելու, դրանով իսկ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար»:

Բուշի խոսքերով, մեկ այլ նախաձեռնություն է աշխարհի ամենաաղքատ երեխաների կրթությունն ատպահովող ծրագիրը.

«2002 թվականին իմ վարչակազմը սկսեց Աֆրիկայի կրթություն նախաձեռնությունը, որը մոտ 300 միլիոն դոլար է հատկացրել այս մայր ցամաքում կրթություն ստանալու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Այժմ Կոնգրեսի աջակցությամբ եկող հինգ տարիներին հավելյալ 525 միլիոն դոլար կնվիրենք աղքատ երկրներում չորս միլիոն երեխաների հիմնական կրթությունն ապահովելու նպատակով: Այս նախաձեռնությունը երիտասարդ անձանց կօգնի ձեռք բերել հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ եւ իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն»:

«Մարդկանց աղքատությունից դուրս բերելով՝ մենք միեւնույն ժամանակ ստեղծում ենք նոր շուկաներ ամերիկյան ապրանքների եւ նոր աշխատատեղեր՝ ամերիկացիների համար», ասել է նախագահ Բուշը:

«Քաոսը եւ մարդկանց տառապանքներն այլուր վերացնելով՝ Ամերիկան դարձնում ենք ավելի ապահով վայր, քանի որ բարգավաճող երկրներում ավելի քիչ է բռնություններ սերմանելու եւ ահաբեկչություն արտահանելու հավանականությունը»:

XS
SM
MD
LG