Մեծ ութնյակի հանդիպումից առաջ համաշխարհայնացման դեմ անցկացված ցույցի ժամանակ մոտ ութ հազար խաղաղ ցուցարար Գերմանիայի Ռոստոկ քաղաքում բախվեց ոստիկանների հետ, երբ վերջիններս փորձեցին արգելել ցույցը դիմակներով անցկացնելու նրանց որոշ մասի փորձերը:
Նրանք հավաքվում են աշխարհի տարբեր հատվածներից ու ներկայացնում տարբեր պահանջեր՝ սկսած աշխարհում աղքատությունը վերացնելուց մինչեւ կլիմայական փոփոխության դեմ պայքարելու ու կառավարություններում կաշառարությունը վերացնելու պահանջները:
«Իմ կարծիքով, Մեծ ութնյակի գագաթաժողովը կապ ունի աշխարհում այն զարգացումների հետ, որոնք ինձ դուր չեն գալիս: Եւ մենք հավաքվել ենք հենց դա արտահայտելու», ասում է գերմանացի ցուցարար ուսանողներից Միքաելը։ Նա ասել է, թե մտադիր է մեկ շաբաթ մասնակցել այս ցույցերին, քանի դեռ իր երկրի առողջարանային Հայլիգենդամ քաղաքում շարունակվում է գագաթաժողովը:
Այլ վայրերից ժամանած ցուցարարների կարիքները հոգալու համար, կամավոր խմբերը հիմնել են, իրենց խոսքերով ասած, «ցուցարարների ճամբարներ»: Գագաթաժողովի անցկացման վայրի շուրջը 25 կիլոմետր շառավղով կառուցվել է վրանային վեց քաղաք, ուր ժամանակավորապես ապրում է 50 հազար մարդ:
Տարբեր վայրերից այստեղ եկած ցուցարարները սնվում ու այստեղ են մնում անվճար, սակայն խրախուսվում է, որպես նվիրատվություն, օրական հինգ եւրո տրամադրելը:
«Ցուցարարներ են եկել աշխարհի տարբեր մասերից՝ Ամերիկայից, Գերմանիայի տարբեր քաղաքներից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Աֆրիկայից։ Այստեղ անց ենք կացնում մշակութային միջոցառումներ, քաղաքական ու սոցիալական հարցերով քննարկումներ եւ պատրաստվում հաջորդ օրվա իրադարձություններին», ասում է Ճաբարը կազմակեպող ուսանողական խմբի անդամ Սաշան։
Ցուցարարների այս ճամաբարներում կան բաղնիքներ, սանիտարական ծառայություններ, խաղահրապարակներ, բարեր ու հանգստյան գոտիներ: Կերակուրները մսեղեն չեն պարունակում: Իսկ տեղի բնակիչները հաճախ են այստեղ բերում քաղցրավենիք:
Ոստիկանությունը մեծաթիվ ներկայություն է պահպանում ճամբարներից դուրս: Ռոստոկի ոստիկանության խոսնակ Աքսել Ֆոլքընբերգն ասում է, որ չնայած նրանց մեծամասնությունը խաղաղ ցուցարարներ են, կան նաեւ խանգարողներ.
«Կա Մեծ ութնյակի հետ որեւէ կապ չունեցող մարդկանց մի խումբ, որի նպատակը պարզապես ոստիկանության հետ բախվելն է, ինչպես արեցին Բեռլինում եւ Համբուրգում, շաբաթ օրն էլ՝ Ռոստոկում»:
Այդ օրը Ռոստոկում ձերբակալվեց 12 պետություն ներկայացնող 182 մարդ, մարմնական վնասվածքներ ստացավ 433 ոստիկան, որոնցից 30-ը՝ լուրջ: