Մատչելի հղումներ

Ըստ Միացյալ Նահանգների Կոնգրեսի, Ռուսաստանում ժողովրդավարության  վիճակը վատթարանում է


ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ օրենսդիրները մի քանի օր առաջ խորը մտահոգություն հայտնեցին Ռուսաստանում ժողովրդավարության վատթարացող վիճակի համար: Ու չնայած Կրեմլի հետ համագործակցությանը, նրանք գտնում են, որ պիտի քննադատեն ու պաշտպանեն ամերիկյան սկզբունքները: Լսումների ժամանակ փորձագետները անհանգստություն արտահայտեցին Ռուսաստանում մարդկանց անհատական ազատությունների եւ ժողովրդավարական հաստատությունների հարցում առկա լուրջ խնդիրների համար:

«Արագ թափով է Ռուսաստանում զարգանում տնտեսությունը, սակայն ժողովրդավարությունն այստեղ ավելի վատ վիճակում է, քան նոր զարգացող շատ երկրներում», ասում է ՆերկայացուցիչներիՊալատի անդամ Քրիսթըֆըր Սմիթը։

Սմիթը նշեց Ռուսասատանի ընդդիմության դեմ ճնշումների մասին՝ շեշտելով, թե մամուլի ազատության անկումը տրամագծորեն դեմ է Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին: Մարդու ազատությունների հիմնարար սկզբունքները պաշտապնող Եւրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը ղեկավարում է դեմոկրատ կոնգրեսական Էլսի Հեսթինգզը, որի խոսքերով, պուտինյան Ռուսաստանում բոլոր որոշումները կայացնում է Կրեմլը՝ շրջանցելով ժողովրդին, խորհրդարանն ու արդարադատության համակարգը.

«Չնայած ժողովրդավարության հաստատություններին աջակցելու մասին նախագահ Պուտինի խոստումներին, նկատելի են Մոսկվայում ծրագրվող տարբեր քաղաքական զարգացումներ»:

Հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը գտնում է, որ մտահոգիչ է նաեւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքը:

Նրա գրավոր նամակում ասված է, թե Մոսկվան, հիմնականում էներգետիկ կախվածության պայմաններ ստեղծելով, ցանկանում է սպառնալ Արեւմուտքի հետ սերտ կապեր հաստատելու նպատակ ունեցող իր հարեւաններին: Ռուսաստանի հետ հարաբերություններում Բուշի վարչակազմի վերապահությունները ներկայացրեց փոխարտգործնախարար Դանիել Ֆրիդը.

«Ռուսաստանի հետ կարող ենք համագործակցել ռազմավարական միայն մի քանի բնագավառներում:

Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը լինի հզոր, սակայն՝ հզոր Ձ1-րդ դարի հասկացողությամբ, ժողովրդավարական եւ անկախ հաստատությունների առկայությամբ»:

Ֆրիդն ասաց, թե համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգները կարող է գնալ զիջումների՝ ելնելով ամերիկյան արժեքները, շահերն ու բարեկամներին պաշտպանելու անհրաժեշտությունից.

«Նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները նկատի ունենք, երբ ասում ենք, որ հարկավոր է համագործակցել՝ հանուն աշխարհում բաց հասարակության հաստատման»:

Ֆրիդը ողջունեց մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի եւ միջուկային զենքերը չտարածելու ոլորտներում ռուս-ամերիկյան սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է որեւէ տարաձայնություն հարթելու նպատակով, շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ:

XS
SM
MD
LG