Լիբանանի Տրիպոլի քաղաքում վերջին օրերս տեղի ունեցած բախումները բացահայտեցին մահմեդական արմատական եւս մեկ զինված կազմակերպություն, ինչը նշանակում է, որ Պաղեստինի ահաբեկիչներն իրենց գործունեությունը տարածել են իրենց սահմաններից դուրս:
Փախստականների Նահր էլ Բարեդ ճամբարում տեղի ունեցած մարտերի ընթացքում բացահայտվեց Լիբանանում անցած վեց ամիսներին ձեւավորված «Ֆաթահ ալ Իսլամ» սուննի մահմեդական արմատական խմբավորումը: Մերձավոր Արեւելք հաստատության աշխատակից Քլեյթըն Սուիշերը գարնանն այցեցել է փախստականների երկու ճամբար եւ եկել այն եզրահանգման, որ Լիբանանի պաղեստինյան բնակավայրերում ապաստանող զինյալները փոխել են իրենց նշանակետը: Նա ասում է, որ Լիբանանի ներսում պայքարն այլեւս Պաղեստինի անկախության համար չէ.
«Այս մարդիկ մեկնում են Սոմալի, Իրաք կամ այլ վայրեր, իրենց հմտությունները բանեցնելու համար»:
«Ֆաթահ ալ Իսլամ»-ի հիմնադիրներից Շաքեր ալ Աբսիին Հորդանանում հեռակա կարգով դատապարտել էին 2002 թվականին ամերիկացի դիվանագետ Լորենս Ֆոլիին սպանելու մեղադրանքով: Այն փաստը, որ նրան բանտից ազատեց Սիրիայի կառավարությունը, կասկածներ է առաջ բերում, որ նոր այս խմբավորումը գործիք է Սիրիայի կառավարության ձեռքին:
«Չպետք է մոռանալ Սիրիայի նախագահ Ասադի այն խոսքերը, թե Լիբանանը դառնալու է «Ալ Քայիդա»-ի կենտրոն եւ երկրորդ Իրաք», ասում է Լիբանանցի քաղաքական գործիչ Ուալիդ Ջումբլաթ։
Սուիշերն ասում է սակայն, թե ինքը կարծում է, որ այս ամենի պատճառը պաղեստինյան իշխանությունների վրա տնտեսական բեռնարգելքը խրախուսելու եւ Իրաքը զավթելու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն է:
ԱՄՆ-ը «Ֆաթահ ալ Իսլամ»-ն անվանում է դաժան ու ծայրահեղ խմբավորում:
«Մենք պիտի հակադրվենք բոլոր այն ուժերին, որոնք չեն ցանկանում գնալ քաղաքական հաշտեցման ուղով», ասում է ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Շան Մաքքորմըքը։
Այսօր շատերն են ջիհադի պատրաստ նոր զինյալների ներկայությունը համարում հետագա անհանգստությունների չափազանց վտանգավոր նախանշան: