Մատչելի հղումներ

2ՕՕ8 թվականի նախագահական ընտրություններում ակնկալվում է բուռն ընտրապայքար


Նախագահական ընտրություններին դեռեւս մեկ տարուց էլ ավելի ժամանակ կա, սակայն երկու կուսակցությունների թեկնածուները արդեն բուռն պայքար են սկսել: Դեմոկրատները կարծում են, որ Բուշի կառավարման ութ տարիներից հետո, 2008-ին իրենք կվերցնեն Սպիտակ Տունը: Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներից Հիլըրի Քլինթընը հաղթելու ներկայումս ամենամեծ հավանականությունն ունի:

«Եթե մինչեւ պաշտոնավարման ավարտը նա մեզ չազատի Իրաքից, այդ գործը կսկսեմ նախագահի իմ պաշտոնամուտի օրը», ասում է Հիլըրի Քլինթընը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ութ թեկնածուներից բոլորն էլ դեմ են պատերազմին, սակայն տարբերվում են զորքերը դուրս բերելու ձեւերի հարցում:

«Գրեք ձեր ընտրյալ կոնգրեսականներին, որ պահանջում եք փակել Ամերիկայի պատմության այս տխուր էջը», ասում է Սենատոր Բարաք Օբաման։

Ըստ հարցումների արդյունքի, նախկին սենատոր Ջոն Էդուըրձը հաղթելու հավանականության ցանկում երրորդն է:

«Ներկա հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հիլըրի Քլինթընը ոչ միայն հաղթող կճանաչվի որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու, այլ նաեւ՝ նախագահի համար մղվող պայքարում», ասում է քաղաքական վերլուծաբան Քրեյգ Քրոն։

Հանրապետական տասը մրցակիցներից ինը աջակցում է Իրաքում Բուշի քաղաքականությունը: Այս ցանկն առայժմ գլխավորում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին.

«Եթե սկսենք թափահարել սպիտակ դրոշ ու անցնենք պաշտպանության, կկրենք ավելի մեծաթիվ կորուստներ»:

Հանրապետականներից երկրորդ տեղում գտնվող սենատոր Ջոն Մաքքեյնը Բուշի քաղաքականության ամենաջերմ աջակիցն է.

«Պատերազմը սկսելիս՝ հաշվի չառանք պատրաստականության հանգամանքը: Բայց դա չի նշանակում, որ այժմ պիտի կրկնենք նույն սխալը»:

Ներկայումս երկու հանրապետական եւս մտածում է ընտրապայքար մտնելու մասին: Նախկին սենատոր Ֆրեդ Թոմփսընը դա կանի մի քանի շաբաթվա ընթացքում, Ներկայացուցիչների Պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը՝ գուցե սեպտեմբերին:

XS
SM
MD
LG