Մատչելի հղումներ

Համաձայնություն՝ Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ, ներգաղթի մասին նոր օրենք ընդունելու հարցում


ԱՄՆ-ի Սենատում երկու կուսակցությունների ավագ անդամները եւ Սպիտակ Տունը ներգաղթի մասին նոր օրենք ընդունելու հարցում եկան համաձայնության, ինչը կարող է ԱՄՆ-ում գտնվող անօրինական փախստականներին շնորհել այստեղ օրինական կեցության կարգավիճակ:

Օրենքը, ընդունման դեպքում, նախատեսում է կազմել բանվորական եւ գյուղատնտեսական ժամանակավոր աշխատանքների մասին ծրագրեր: ԱՄՆ-ում գտնվելու օրինականությունը ստուգելու համար կիրառվելու են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ: Օրենսդիրները ծրագրի մասին հայտարարեցին հինգշաբթի օրն անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ:

«Համաձայնություն կայացվեց սահմանապահների թիվը կրկնապատկելու, տեսուչների թիվն ավելացնելու, օրենքը խախտող աշխատավորների դեմ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցերում: Փաստաթուղթ չունեցող 1Ձ միլիոն անձանց կեցությունն օրինականացնելու հարցն արժանացավ լայն ընդունելության», ասում է Սենատոր Թեդ Քենեդին:

Նախագահ Բուշն ընդգծեց նախագծի կարեւորությունը.

«Նախագիծը, որի շուրջ այսօր եկանք համաձայնության, կօգնի ամրացնել սահմանները եւ որ ամենակարեւորն է՝ կստիպի հարգալից վերաբերվել բոլորի նկատմամբ: Չեն լինի ներումներ, չի լինի թշնամանք»:

Անօրինական փախստականներին կտրվեն Z կոչվող վիզաներ, եւ տուգանքները մուծելուց հետո, նրանք կստանան մշտական բնակության հնարավորություն: Սենատոր Արլըն Սպեքթըրը գտնում է, որ նախ հարկավոր է զբաղվել սահմանային հսկողությունն ամրացնելով։ Սենատոր Ջոն Մաքքեյնը շեշտում է ներգաղթի օրենքներն ուժի մեջ մտցնելու կարեւորությունը.

«Գործատերերը կիմանան, որ իրավապահ մարմիններն այլեւս չեն հանդուրժի անօրինական կերպով մարդկանց աշխատանքի ընդունելու փաստերը»։

Նախատեսվում է ներգաղթի հարցում նախապատվությունը տալ ոչ թե հարազատների հետ վերամիավորվելու, այլ՝ մարդկանց գիտելիքների ու հմտությունների պայմաններին: Կսահմանափակվի նրանց թիվը, ովքեր այստեղ են գալիս Ամերիկայի քաղաքացի իրենց հարազատների հրավերներով: Օրենքի նախագիծը Սենատում քննարկման կդրվի հավանաբար եկող շաբաթ, Ներկայացուցիչների պալատում՝ մինչեւ տարեւերջ:

XS
SM
MD
LG